Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ
Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի փարիզյան հանդիպումը տեղեշարժեր չի արձանագրի
ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին հունվարի 24-ին
կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Քաղաքագետների միության
նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, գիտակցելով,
որ Հայաստանում և Ադրբեջանում նախընտրական գործընթացներից հետո կարող է
հակամարտության կարգավորման գործընթացում առաջանալ շրջադարձային պահ, Բաքուն ԱԳՆ
ղեկավարների հանդիպումից առաջ դիվերսիոն հարձակումներ ձեռնարկեց հակամարտության
կողմերի շփման գծի վրա, նպատակ ունենալով խոչընդոտել որևէ որոշմանը: «Մասնակցելով
այդ հանդիպմանը, հայկական կողմը կարող է իրեն զգալ նվաստացված, իսկ չմասնակցել էլ
չի կարող, քանի որ միջազգային հանրությունը Երևանին կարող է մեղադրել դեստրուկտիվ
մոտեցումների մեջ»,-նկատել է քաղաքագետը:
Նա նաև ընդգծել է, որ այդ
առումով Ադրբեջանը գտնվում է ավելի շահեկան վիճակում, քանի որ ձեռնարկված
դիվերսիաները պատշաճ գնահատականի չարժանացան միջազգային հանրության կողմից: «Այդ
դիվերսիաներն ունեին հստակ մեսիջ` կամ հակամարտությունը կարգավորվում է իրենց
համար նպաստավոր պայմաններով, կամ անկայուն իրավիճակը կշարունակվի»,-նշել է
քաղաքագետը: Նա նաև նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող արտահոսքի բարձր տեմպերի
պատճառով Իլհամ Ալիևն արդեն իրեն թույլ է տալիս հայտարարել, որ Հայաստանի տարածքն,
իբր, հանդիսանում է պատմական Ադրբեջանի տարածք:
Նշենք,
որ հունվարի 24-ին Փրիզում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների
հանդիպումը: Իսկ հունվարի 19-20-ը Ադրբեջանի կողմից հակամարտության կողմերի շփման գծի երկու
ուղղություններով իրականացվեցին դիվերսիոն հարձակումներ, ինչի արդյունքում
հակառակորդի հետ անհավասար մարտում հերոսաբար զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն
Հովհաննիսյանը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, ադրբեջանական դիվերսիայի արդյունքում
սպանվել է Ադրբեջանի ԶՈՒ 7 և վիրավորվել 20 զինվոր: Հունվարի 20-ից մինչ օրս
հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ինտենսիվ կրակի տակ է առնում ԼՂՀ ՊԲ դիրքերը: