Ամերիաբանկի
տնօրենների Խորհրդի ռոտացիան նոր բիզնես-մշակույթի բաղկացուիչ մասն է, որի խորքում
էլ պետք է դիտարկվի ռուսաստանյան հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը
բանկի Խորհրդի նախագահի պաշտոնից և բանկի Խորհրդի անդամ դառնալը: «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նման
կարծիք է արտահայտել ռուսաստանյան հայտնի գործարար, «Գաղափար» ֆոնդի հիմնադիր և
ղեկավար Ռուբեն Վարդանյանը, նշելով, որ այդ հարցի պերսոնիֆիկացումը սխալ է, քանի
որ բանկն արդեն դարձել է ինստիտուցիոնալ լուրջ կառույց:
Միևնույն ժամանա, ըստ
Վարդանյանի, նա հպարտանում է այդ նախագծով, գլխավոր նախգծերից մեկով, որը
Հայաստանում իր ներկայությունը դարձնում է դրական: Նա հպարտանում է նաև իր
գործընկերներով, այդ թվում նաև «Ամերիա» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն
Անդրեյ Մկրտչյանով, ով դարձել է Ամերիաբանկի Խորհրդի նոր նախագահը, կարողանալով
դժվարին պայմաններում զարգացնել խորհրդատվական բիզնեսը երկրում, միջազգային
ստանդարտների հիման վրա, շարունակելով հաջողությամբ աշխատել, ինչպես նաև
ծառայություններ մատուցելով միջազգային ընկերությունների մակարդակով: Վարդանյանի
խոսքերով, Հայաստանում քիչ չեն բանկերը,
որոնք ներկայացնում են բանկային միջազգային խմբերի ու հոլդինգների, և այն
հանգամանքը, որ Ամերիաբանկն իր գործունեության 5 տարիներին կարողացավ շատ
չափանիշներով առաջատար դիրքեր զբաղեցնել երկրի բանկային համակարգում, խոսում են
այն մասին, «թե ինչպես մենք հաճախ մենք մեզ թերագնահատում»: «Ես ներդրող էի, ով
օգնում էր բանկի կայացմանը և կարևոր էր, որ ի դեմս ինձ լիներ երաշխավոր, որը
գտնվում էր այդ ամենի գլխավերևում»,-ասել է ինվեստբանկիրը, նշելով, որ բանկը
դարձել է ինստիտուցիոնալ, և այլևս դրա կարիքը չունի: Նա հիշեցրել է, որ բանկի
Խորհուրդը կազմված է բարձրակարգ, համաշխարհային ֆինանսական հանրությանը հայտնի
պրոֆեսիոնալներից, որոնց շարքում են`Ռոբերտ ֆեն Ռակովսկին, Fidelity
ընկերությունը, Flagship Ventures
ընկերության կառավարիչ գործընկեր Նուբար
Աֆեյանը, Խնայբանկի կառավարիչ տնօրեն Գոռ Նհապետյանը:
Խոսելով
իր անձնական պլանների մասին, Վարդանյանը նշել է, որ ներկայումս գտնվում կյանքի
կարևորագույն հատվածի ավարտական փուլում: «22 տարի ես ներդրումային բանկիր էի,
ղեկավարում էի «Տրոյկա Դիալոգը», որը դարձավ Խնայբանկի մասը: Վերջին 2-3 տարիների
աշխատում էի Խնայբանկում, կմնամ բանկի Վարչության նախագահ Գերման Գրեֆի
խորհրդական: Բայց ծրագրում եմ ակտիվորեն զբաղվել մի շարք ուղղություններով, այդ
թվում նաև Հայաստանի, ինչպես նաև կրթության ոլորտի հետ կապված բարեգործական ծրագրերով: Ունեմ բավականին մեծ
փաթեթ, որը պետք է իրականացնել և հասցնել ավարտին: Գլխավորը`լինել հետևողական և
կատարել խոստումները: Շարունակում եմ աշխատել Ամերիաբանկի տնօրենների Խորհրդում,
հանդիսանում եմ IFC միջազգային խորհրդի անդամ, ինչը շատ հաճելի է ու պատվավոր,
աշխատում եմ նաև Ռոսգոսստրախի, Սիբուրի, ինչպես նաև ամերիկյան ընկերություններից
մեկի տնօրենների Խորհրդում, շարունակում եմ ներդրումներ իրականացնել տարբեր
ընկերություններում, ունեմ բավականին մեծ ներդրումային պորտֆել, մասնավորես,
ԿԱՄԱԶ-ում: Իմ գործընկեր Գագիկ Ադիբեկյանի հետ համատեղ ծրագիր եմ իրականացնում
անշարժ գույքի ոլորտում: Ունեմ շատ ծրագրեր, որոնք կապված են ինչպես բիզնեսի,
այնպես էլ հանրային ոլորտի հետ: Հանդիսանում եմ Բրազիլիայի, Ճապոնիայի, Չինաստանի
մի շարք բիզնես-դպրոցների տնօրենների Խորհրդի անդամ: Ունեմ բազմաթիվ գաղափարներ և
պլաններ, որոնք կապված են հետաքրքիր գործարարների հետ համագործակցությանը, մարդկանց,
ովքեր լի են մեր միջավայրը փոխելու վճռականությամբ, դարձնելով այն ավելի պոզիտիվ,
ավելի հաջողված, որպեսզի մարդիկ վստահություն ձեռք բերեն վաղվա օրվան
նկատմամբ»,-եզրափակել է Ռուբեն Վարդանյանը: