Խորհրդարանական մեծամասնությունը` ի դեմս ՀՀԿ-ի, մտադիր չէ լուծել գազափոխադրման
համակարգի խնդիրները: Նախաձեռնելով գազի գծով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում`
կառավարող ՀՀԿ-ն, իրականում, ստեղծում է հարցերի կուտակում` հանձնաժողովի
աշխատանքը լղոզելու նպատակով: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀԱԿ
խմբակցության ղեկավարը:
«Դուք բազմիցս հայտարարել եք, որ հրաժարվում եք
ուսումնասիրել Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի դրույթները, որոնք ձևավորում
են նոր մթնոլորտ: Ձեր համառությունը մենք կարող ենք բացատրել միայն մեկ
հանգամանքով. դուք, պարզապես, չեք ցանկանում մտնել այն դաշտը, որտեղ չափազանց
թույլ եք: Ձեզ առաջնորդում է վախը Ռուսաստանի հանդեպ: Վախենում եք բարձրացնել
հարցեր, որոնք կարող են հանգեցնել Մոսկվայի հետ հարաբերությունների սրման», -
հայտարարել է Լ.Զուրաբյանը` դիմելով հանրապետականներին:
Նա
համոզված է, որ ժողովրդի բողոքը և հանձնաժողովի ստեղծումը կարելի էր օգտագործել
որպես կարևորագույն գործիք համաձայնագրերը վերանայելու համար: Նշենք, որ ՀԱԿ-ը և
մյուս ոչ իշխանական խմբակցությունները պահանջում են, որպեսզի ստեղծվող
հանձնաժողովի աշխատանքը լինի թափանցիկ: Նրանք կարծում են, որ հանձնաժողովի նիստերը
պետք է ընթանան, հիմնականում, բաց ռեժիմով: «Սակայն խորհրդարանական
մեծամասնությունը համաձայն չէ դրան: Ավելին, նրանք ստեղծել են հարցերի այդպիսի
կուտակում, որպեսզի լղոզեն հանձնաժողովի աշխատանքը և քողարկեն գլխավոր հարցերը:
Դավիթ Հարությունյանն ասում է, թե հանձնաժողովը կարող է դառնալ ամբոխավարության
ասպարեզ, եթե պատգամավորներն սկսեն խոսել տեսախցիկների առջև: Կներեք, ի
տարբերություն ձեզ, ես հավատում եմ ժողովրդի սթափ դատողությանը: Ժողովուրդը կարող
է հեշտությամբ տարբերել շոուն, նա կարող է տարբերել ամբոխավարներին պետական
մտածողություն ունեցող մարդկանցից», - կարծում է Զուրաբյանը: