Ելնելով Ադրբեջանում սկսված ՙվհուկների որսից՚`Երևանում ընթացող ՙԿովկաս-2013՚ ամենամյա միջազգային գիտաժողովում այդ երկիրը ներկյացրել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը:
ՙԿովկաս՚ ամենամյա միջազգային գիտաժողովը կազմակերպվում է Կովկասի ինստիտուտի կողմից` Կովկասյան ակադեմիական շվեյցարական ցանցի աջակցությամբ: Այս տարի գիտաժողովի ընթացքում հնչել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Շվեյցարիայի ներկայացուցիչների զեկույցները: Զեկույցները ներառել են 2013 թ. Հարավային Կովկասի երկրներում ամենակարևոր իրադարձությունների համառոտ վերլուծությունը:
Նախորդ տարիներին Ադրբեջանը Կովկասի ինստիտուտի ամենամյա գիտաժողովներին ներկայացրել են հայտնի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը, Բաքվի ՙԶերկալո՚ թերթի քաղաքական տեսաբան Ռաուֆ Միրկադիրովը, Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի աշխատակից Ազադ Իսազադեն:
Ռաուֆ Միրկադիրովը կալանքի տակ է գտնվում ապրիլի 19-ից`Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Ապրիլի 22-ին Իլհամ Ալիևի որոշմամբ ստեղծվել է ԱԱՆ և Գլխավոր դատախազության քննիչների միացյալ խումբ`ՙԱդրբեջանում Հայաստանի լրտեսների մեծ ցանցի բացահայտման՚ նպատակով: Արդեն ճնշում է սկսվել Արիֆ Յունուսովի նկատմամբ, որին տիկնոջ`Լեյլա Յունուսի հետ միասին արգելված է լքել Ադրբեջանը: