Պաշտպանության նախարարություն են դիմում հազարավոր նվիրյալներ, որոնք պատրաստ են պաշտպանել սահմանը, սակայն մենք նրանց մերժում ենք, քանի որ դրա կարիքը չկա, եւ բանակը իր առջեւ դրված խնդիրը կատարում է, հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն
Հովհաննիսյանը: Նա նաև ընդգծել է, թե պետք չէ մոռանալ, որ մեզ մոտ պատերազմը չի դադարել: «Եվ այս քսան տարիների ընթացքում բանակի` իր խնդիրը կատարելու շնորհիվ է, որ պատերազմը դուք չեք զգում ձեր տանն ու բակում: Բանակի կատարած քայլերը ամեն անգամ չէ որ հեշտությամբ նկատելի ու ընկալելի են», - հայտարարել է նա:
Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած
միջադեպի առնչությամբ Facebook-ի իր էջում գրել էր, որ Հայ-ադրբեջանական
սահմանում իրավիճակը լիովին վերահսկվում է
Հայաստանի զինված ուժերի կողմից: «Եթե մենք հայտարարում ենք, որ իրավիճակը վերահսկվում է, ուրեմն այդպես է, այլապես այլ բան կլիներ», -
գրել էր Հովհաննիսյանը` քաղաքացիներին կոչ անելով խուճապի չմատնվել: «Տաքուկ սենյակներից հեշտ է քննադատություններ անելն ու հրամաններ արձակելը: Նրանք, ովքեր պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ», - կոչ
էր արել Արծրուն Հովհաննիսյանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն
իր հերթին նախորդ օրվա միջադեպի առնչությամբ ՊՆ է կանչել ԵԱՀԿ գործող նախագահի
անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին և նրան հորդորել է իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ: Սեյրան Օհանյանը նշել է, որ ձևավորված օպերատիվ
միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու
հավանականությամբ: Դեսպանը
Կասպրչիկը հայտնել է իր մտահոգությունը և խոստացել քայլեր ձեռնարկել շփման գծում ներկա իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին Արարատի մարզում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտմամ արդյունքում հակառակորդի գնդակներից, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է երկու հայ զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, զոհերի թիվը
հասել է հինգի: Միջադեպի առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարություն է
կանչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ավելացնենք
նաև, որ նախօրեին ԱրմԻնֆո գործակալության խմբագրությունն ահազանգ է ստացել Երասխ
գյուղի բնակիչներից, որոնք տեղեկացրել են, թե գյուղի սահմանամերձ գոտու
բնակիչներին տարհանում են: Սակայն այդ տեղեկատվությունը հերքել են ինչպես
Պաշտպանության նախարարությունում, այնպես էլ գյուղական վարչակազմում: