Նախագահ Պուտինի Բաքու այցի ընթացքում ոչ պակաս կարևոր գործոն էր նախագահի ընտրություններին ընդառաջ Ալիևին որոշակի աջակցության ցուցաբերումը: Այսօր ավելի քան ակնհայտ է, որ հենց Վլադիմիր Պուտինից է կախված այն, թե կստանա արդյոք Ռուստամ Իբրահիմբեկովը տեղեկանք այն մասին, որ Ռուսաստանի քաղաքացի չէ, օգոստոսի 22-ին մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հայտնի կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովն Ադրբեջանի նախագահի միասնական թեկնածու է ընդդիմադիր Ազգային խորհրդից: Իբրահիմբեկովն ունի երկրորդ`ռուսական քաղաքացիություն, և հիմա որպես թեկնածու նրա գրանցման հարցը կախված է այն բանից, թե կհաջողվի արդյոք նրան դրանից ազատվել: Կինոռեժիսորը ռուսական քաղաքացիությունից դուրս գալու խնդրանքով դիմում է ներկայացրել և համապատասխան նամակ գրել Վլադիմիր Պուտինի անունով:
ՙՀենց դրանից է կախված, թե որքան հանգիստ կընթանան հոկտեմբերին կայանալիք ընտրությունները և հետընտրական գործընթացները, որոնց արդյունքներով հերթական անգամ նախագահ կմնա Իլհամ Ալիևը՚,- ընդգծել է Իսկանդարյանը: Քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանի նախագահի Ադրբեջան աշխատանքային այցը բազմաթիվ նպատականեր է հետապնդել, որոնք գործնականում որևէ կապ չունեն Հայաստանի հետ: