Մեծ հաշվով 2013 թվականին Բիձինա Իվանիշվիլիի կողմից կառավարվող Վրաստանը նույն երկիրն է մնացել, ինչ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման օրոք, Երևանում ընթացող ՙԿովկաս-2013՚ ամենամյա միջազգային գիտաժողովում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասյան խաղաղության, զարգացման և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն /Թբիլիսի/ Գիյա Նոդիան:
ՙ2013 թվականին երկրում որոշակի հիասթափություն էր նկատվում ՙՎրացական երազանքի՚ գործողություններից, որից քաղաքացիները, կարծես, հրաշք էին սպասում`դաշինքի խոստացած բենզինի և էներգակիրների գների կրկնակի նվազման տեսքով: Հասկանալի է, որ այդ հեքիաթի անիրականանալիությունը խորը հիասթափություն է առաջացրել հասարակության որոշ մասի մոտ: Միաժամանակ հասարկության մյուս մասն ընդհանուր առմամբ գոհ է Վրաստանում ժողովրդավարության առաջընթացից՚,- նշել է Գիյա Նոդիան: Նրա խոսքով, չնայած կոսմետիկ բնույթի որոշ փոփոխություններին` ընդհանուր առմամբ Վրաստանը չի փոխվել:
ՙԿովկաս՚ ամենամյա միջազգային գիտաժողովը կազմակերպվում է Կովկասի ինստիտուտի կողմից` Կովկասյան ակադեմիական շվեյցարական ցանցի աջակցությամբ: Այս տարի գիտաժողովի ընթացքում հնչել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Շվեյցարիայի ներկայացուցիչների զեկույցները: Զեկույցները ներառել են 2013 թ. Հարավային Կովկասի երկրներում ամենակարևոր իրադարձությունների համառոտ վերլուծությունը: