Ոստիկանությունը դանդաղում է քաղաքացիական ակտիվիստներ, Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանին և ՙԹրանսփարենսի Ինթերնեյշնլ՚ հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ քրեական գործ հարուցելու գործում:
Հայկակ Արշամյանը և Սուրեն Սաղաթելյանը սեպտեմբերի 5-ի ուշ երեկոյան մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Նրանց վրա հարձակվել էին 6-7
անհայտ անձինք: Նրանք երկուսն էլ մասնակցել էին Մաքսային միությանը Հայաստանի մասնակցության դեմ բողոքի ակցիաներին:
Չնայած հարձակումից հետո անցել է 6 օր` ոստիկանության Կենտրոնի բաժնում դեռևս հետաքննություն է իրականացվում: Այնտեղ հավաստիացնում են, որ քննությունն ընթանում է քրեադատավարական օրենսգրքի նորմերի համապատասխան, և բացառվում է ոստիկանության կողմից որևէ խախտում։ Այդ առնչությամբ Հայաստանի երեք տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ նամակ են ուղարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, նպատակ ունենալով կառույցի ուշադրությունը հրավիրել և Հայկակ Արշամյանի ու Սուրեն Սաղաթելյանին գործին, ինչպես նաև վերջին շրջանում խաղաղ հավաքների այլ մասնակիցների նկատմամբ տեղի ունեցող բռնություններին, որոնք նամակի հեղինակների կարծիքով, իրականացվում են քրեական տարրերից կազմված հատուկ խմբերի կողմից՝ ոստիկանության թողտվությամբ։