Մոսկվան
ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքի դրոշի ներքո կլանեց
Ղրիմը, սակայն հետագայում այդ նույն սկզբունքը կկիրառվի հենց Ռուսաստանի դեմ:
Մարտի 24-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Ազգային և ռազմավարական
հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
«Չեմ կարծում, թե արևմտյան աշխարհն այդպես հեշտությամբ
կմարսի Ռուսաստանի գործողություները: Եթե ոչ այսօր, ապա վաղը Մոսկվան կարող է
բախվել այդ ճիպոտի հակառակ կողմին, հատկապես` հաշվի առնելով նրա դաշնային
կառուցվածքը», - ասել է նա, համոզմունք հայտնելով, որ Արևմուտքն, անկասկած,
նույնպես կդիմի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքին, ինչպես դա անում
է Կրեմլը:
Սարգսյանը
հիշեցրել է, որ իր վերջին ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևմուտքին և
ԱՄՆ-ին հիշեցրել է, մասնավորապես, նրանց դիրքորոշումը Կոսովոյի նկատմամբ: Նման
հիշեցումը, նրա գնահատմամբ, վաղ թե ուշ բումերագնի նման կվերադառնա Պուտինի մոտ:
Այդ համատեքստում վերլուծաբանը աշխարհաքաղաքական խաղերում և այս կամ այն առանձին
երկրի կողմից, ազգային շահերից ելնելով, այդ սկզբունքի կիրառումը համեմատել է
երկու ծայրով ճիպոտի հետ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ժողովուրդների
ինքնորոշման իրավունքն իր բյույթով հենվում է իրական ժողովրդավարության վրա: