Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույց անցկացնող ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման ակտիվիստները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից պահանջում են նստացույցի անցկացման արժանապատիվ պայմաններ ապահովել:
Ակտիվիստները նշել են, որ քաղաքապետարանի մոտ անցկացրած 11 օրվա ընթացքումքաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների կողմից արհեստական խոչընդոտներ են ստեղծվել: ՙՀետևաբար`մենք Օմբուդսմենից պահանջում ենք միջամտել և լուծել այդ հարցն օրենքի շրջանակներում, այսինքն`քաղաքապետարանի շենքի դիմաց վրաններ և հովանոց տեղադրելու թույլտվություն ստանալ՚,- հայտարարել է նստացույցի մասնակից Գոռ Առաքելյանը: Նա նաև ընդգծել է, որ վերջին 11 օրվա ընթացքում Օմբուդսմենի գրասենյակից միայն մեկ զանգ է ստացվել, իսկ Անդրեասյանը քաղաքապետարանի մոտ չի հայտնվել:
Նստացույցի մեկ այլ մասնակից Սուրեն Սահակյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի աշխատակիցների հայտարարությունները, թե ակտիվիստների պահանջները հիմքեր չունեն, կեղծիք է: ՙՄենք փաստեր ունենք, որ նրանք խոչընդոտել են ակցիաների անցկացմանը և դուրս եկել իրենց լիազորությունների շրջանակներից՚,- հայտարարել է ակտիվիստը`ավելացնելով, որ որոշ պաշտոնյաները ուժ են գործադրել ակտիվիստների նկատմամբ:
Ակտիվիստներն արդեն դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին`պահանջելով քննություն նշանակել իրավապահ մարմինների կողմից ակտիվիստների նկատմամբ ՙապօրինի՚ գործողությունների առնչությամբ, ովքեր Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիայի իրականացման տարբեր օրերի բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ: