Էթիկայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի դեմ բողոք է ստացել Երեւանում Մոսկվայի տան տնօրենից, համանման նամակ է ստացվել նաև ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի անունով:
Նամակում տնօրենը խնդրում է քննարկել պատգամավորի վարքագիծը, ով, բողոքի հեղինակի պնդմամբ, հեռախոսազրույցի ժամանակ իրեն անպատվել է անպարկեշտ արտահայտություններով, խոսել բարձր տոնով ու ագրեսիա է դրսեւորել, վերջում, նույնիսկ, սպառնացել: Մոսկվայի տան տնօրենի կարծիքով, Նաիրա Կարապետյանի վարքագիծը վայել չէ ոչ միայն պատգամավորին, այլև կնոջը` ընդհանրապես:
Հեռախոսազրույցում Նաիրա Կարապետյանը, մասնավորապես, Մոսկվայի տան տնօրենից պահանջել է բաշխել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության կողմից աչքի ընկած ուսանողներին, ինչպես նաև գյումրեցի ուսանողներին տրամադրվող կրթաթոշակները: