ՙԻմ մայրիկն Ամերիկայում է և հանդիպել է Բաֆֆալո Բիլին՚ ֆիլմը կբացի ReAnimania անիմացիոն ֆիլմերի V միջազգային փառատոնը: Մարկ Բորեալի և Տիբու Շատելի ֆիլմը ժյուրիի հատուկ հիշատակության է արժանացել Անսիի փառատոնում /Ֆրանսիա/: Ֆիլմի երևանյան ցուցադրությունը պրեմիերա կլինի հետխորհրդային տարածքում:
ReAnimania-ն կմեկնարկի Երևանում հոկտեմբերի 26-ին: Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ պատմել է փառատոնի նախագահ Վրեժ Քասունին, ստացվել է 500 հայտ աշխարհի 70 երկրից, որից մրցութային ծրագրում ներառվել է 212 ֆիլմ: Այս տարի փառատոնը չի փոխի իր ավանդույթը և հանդիսատեսին կներկայացնի հետաքրքիր ու հագեցած ծրագիր: Մասնավորապես` ՙԵրևանյան պրեմիերան՚ կներկայացնի Առնաբ Չաուդհուրի ՙԱրջուն.ռազմիկ արքայազնը՚, Լոռեն Բոուլուի ՙՀաստատված է որդեգրման համար՚, Օտտո Գուերայի ՙՄինչ Աբորնիան կբաժանի մեզ՚, Բիլ Փլիմփթոնի ՙԴավաճանություն՚, Լուիս Բոլոնեզի ՙՌիո 2096. սիրո և ցասման պատմություն՚ ֆիլմերը:
Անիմացիայի սիրահարներին սպասում է նաև բացօթյա ցուցադրությունը Սիրահարների այգում: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան վարպետության դասեր, հետահայաց ցուցադրություններ: Բացի այդ, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Անսիի /Ֆրանսիա/, Շտուտգարդի /Գերմանիա/, Բեյրութի /Լիբանան/ անիմացիոն փառատոնների ծրագրերը: Փառատոնը կավարտվի նոյեմբերի 1-ին: