Քվեարկության կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող ոչ մի խնդիր չի ծագել: Այդ մասին մայիսի 5-ին լրագրողներին հայտարարել է ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը:
Նա տեղեկացրել է, որ 464 ընտրական տեղամասերը բացվել են օրենքով սահմանված ժամին, ընտրական հանձնաժողովների 3712 անդամներից բացակայել են 12-ը, 8-ը ՙԺառանգություն՚ կուսակցությունից, 2-ը` ՀՅԴ-ից, ընտրական հանձնաժողովների բացակա անդամներից ևս երկուսը նշանակվել են տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: Նա տեղեկացրել է, որ այս անգամ քվեարկած քաղաքացիների անձնագրերում կնիքներին առնչվող խնդիրներ չպետք է ծագեն: Նրա հավաստմամբ, ցնդող թանանքը փորձարկվել է:
Ընտրողները պետք է ընտրեն խորհրդի 65 անդամների, որոնք իրենց հերթին պետք է ընտրեն Երևանի քաղաքապետ: Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցում են յոթ քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը, ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը, ՙՀայ Յեղափոխական Դաշնակցությունը՚, ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցությունը, ՙԱռաքելություն՚ կուսակցությունը և ՙԲարև Երևան՚ նախընտրական դաշինքը: Վերջին տվյալների համաձայն, ընտրություններին կհետևի 261 դիտորդ: