Իրանի պատգամավորների խումբը պատրաստել է մի օրինագիծ, որն Իրանի Իսլամական Հանրապետությանն իրավունք կտա պահանջել, որպեսզի ադրբեջանական բոլոր հողերը միացվեն Իրանին: Այսինքն, առաջարկվում է անեքսիայի ենթարկել Ադրբեջանը: Այս մասին հաղորդել է ՙԳոլոս Ռոսսիի՚ ռադիոկայանը:
Աղբյուրի համաձայն, օրինագծի քննարկումը, որով դադարեցվում է Ռուսաստանի և Իրանի միջև 1813 թվականի Գյուլիստանի և 1829 թվականի Թուրքմենչայի պայմանագրերի գործողությունը, առաջին հերթին, հանդիսանում է քաղաքական և պրոպագանդիստական ակտ: Այն չունի իրական հեռանկարներ, սակայն ծառայում է որպես Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների լարվածության ակնհայտ օրինակ: Պատականորեն այնպես է ստացվել, որ, համաձայն վերոնշյալ պայմանագրերի, ադրբեջանցիները կիսվեցին երկու տերությունների միջև: Սակայն, այսօր նրանց բաժանում են ոչ միայն սահմանները, այլ նաև այդ երկու երկրներում գոյություն ունեցող հասարակական և քաղաքական կառուցվածքները: Չեն համընկնում նաև Թեհրանի և Բաքվի իշխող վերնախավերի տեսակետները պետական և ազգային շահերին վերաբերվող առաջնահերթ հարցերում: Անկախ Ադրբեջանի գոյության ընթացքում հարևանների միջև պետական մակարդակով կուտակվել են բազմաթիվ պրոբլեմներ:
Ռուսաստանի հասարակա-քաղաքական հետազոտությունների Կենտրոնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը նշում է, որ. ՙԻրանը դժգոհ է ադրբեջանական պետության աշխարհիկ բնույթից, հյուսիսային հարևաների սեկուլյիրազցիայից ու եվրոպականացումից: Թեհրանին վրդովեցնում է նաև Բաքվի սերտ հարաբերություններն Իսրայելի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ՚: Բաքուն էլ իր հերթին է մտահոգված է իրանական քարոզիչների ակտիվացումից, որոնք կրոնական պրոպագանդա են իրականացնում Ադրբեջանի Հանրապետության բնակչության մեջ: Բաքուն դժգոհ է նաև Իրանի կողմից ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանին ցուցաբերած աջակցությունից: Խորն են ադրբեջանա-իրանական հակասությունները նաև Կասպից ծովի կարգավիճակի հարցում, կապված կասպիական ածխաջրածնային ռեսուրսների օգտագործման հետ:
Այս բարդագույն փոխհարաբերությունների շրջանակներում թե Բաքվում, և թե Թեհրանում տաք գլուխները ժամանակ առ ժամանակ բարձրացնում են ադրբեջանական երկու երկրների միավորման պրովոկացիոն հարցը, ընդ որում, սեփական հանրապետության դրոշի ներքո:
Առաջին անգամն է, որ հակամարտող կողմերից մեկը հայտարարում է 19-րդ դարի պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին: Չնայած մեծ տարիք ունեցող այդ փաստաթղթերին, այնուամենայնիվ, դրանք լիգիտիմացնում են ստեղծված սահմանները, տարածաշրջանում ապահովելով կայունության որոշակի պաշար: Իսկ երբ մեջլիսի պատգամավոր Ալաէդդին Բորուջերդին հայտարարում է, որ ՙԱդրբեջանը պետք է միավորվի պատմական հայրենիքն` Իրանին՚, կամ Իրանի հոգևոր առաջնորդ Հոմեյին Շարիաթմադարիի ներկայացուցիչն ասում է, որ լավագույն լուծումը կլինի, եթե Ադրբեջանի տարածքում այս հարցով հանրաքվե իրականացվի, ապա, հաստատ, չի նպաստում կայունության ամրապնդմանը տարածաշրջանում: Իրանի խորհրդարանի մյուս պատգամավորը` Մանսուր Խակիկապտուրն, արդեն սկսել է ձևավորել ՙԿովկասի ժողովուրդների 17 քաղաքները՚ շարժումը, որի խնդիրն է Իրանի վերահսկողության վերականգնումն Ադրբեջանի նկատմամբ: Խորհրդարանականը չի բացառում, որ ՙՇարժման՚ պլաններն իրականացնելու համար անհրաժեշտ է լոկալ պատերազմ:
Իսլամական հանրապետության ոչ բոլոր քաղաքական գործիչներն են կիսում այս հայացքները: Մեջլիսի նախկին պատգամավոր Հեշմաթոլլահ Ֆալլահաթփիշեն, Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի նկատմամբ իր բացասական վերաբերմունքով հանդերձ, թեհրանյան ՙԱրման՚ թերթում 2013 թվականի ապրիլի 11-ին նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնելո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը և գործել ավելի կշռադատված ու հանգիստ ձևով: Հոդվածի հեղինակը նշում է, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրումը ձեռնտու չէ ոչ Թեհրանին, ոչ էլ Բաքվին: Դա իրոք այդպես է: Թե համաշխարհային, և թե տարածաշրջանային քաղաքականության մեջ վերջին տասնամյակների ընթացքում տեղի են ունենում կործանարար կատակլիզմներ, ընդ որում, զարմանալի հաճախականությամբ: Աշխարհի երեսից վերանում են բազմաթիվ իշխող ռեժիմներ, իսկ նրանց հետ միասին` նաև պետություններ: Պայմանագրերն ու համաձայնագրերը վերածվում են ոչինչ չներկայացնող թղթակույտերի, իսկ հաճախ դրանց պատճառով զոհվում են տասնյակ մարդիկ: Իսկ նման աշխարհաքաղաքական տեղաշարժերի էպիկենտրոնները գրանցվում են նաև այս տարածաշրջանի տարբեր հատվածներում: