Ադրբեջանն
այնպիսի շահավետ վիճակում է, որ ոչ ոքի և ոչինչ ապացուցելու կարիք չունի: Թող
ուզածի չափ խոսեն այն մասին, թե շուտով նավթը կսպառվի, որ այդ երկրում չկա
ժողովրդավարություն, սակայն իրավիճակն առայժմ Ալիևի օգտին է, և նա կարող է իրեն
թույլ տալ ընտրել համագործակցության ձևաչափեր: Այդպիսի կարծիք է հայտնել Արևելքի և Արևմուտքի միջև
շփումների եվրոպական կենտրոնի ասոցիացիայի անդամ Էրիկա Լերները` առցանց
հարցազրույցի ընթացքում պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին:
«АА և DCFTA ստորագրումը ենթադրում է որոշակի պարտավորություններ, իսկ Բաքուն
կարծում է, որ իրեն առայժմ ձեռնտու չէ ԵՄ հետ այնպիսի հարաբերություններ հաստատել,
երբ ինքն ինչ-որ բանով պարտավոր լինի, և ԵՄ վերահսկի Ադրբեջանի տնտեսությունը:
Քանի դեռ ԵՄ կախված է ադրբեջանական արտահանումից, Բաքուն ոչ ոքի թույլ չի տա
վերահսկել իր նավթը: Հենց այդ պատճառով, հայտարարելով, որ ԵՄ հետ ասոցացման
կարգավիճակն Ադրբեջանին ձեռնտու չէ, այդ երկրի նախագահը դրանով իսկ ցուցադրում է
իր երկրի հատուկ դիրքը ոչ միայն տարածաշրջանի, այլև ԱՊՀ շատ երկրների համեմատ», -
նշել է փորձագետը:
Նրա գնահատմամբ, Ալիևը հրաշալի հասկանում է, որ ԵՄ
անդամությունը շատ տասնամյակների հարց է, սակայն միաժամանակ հասկացնում է, որ իր
երկիրն ասոցացված թեկնածու չի լինի` դոփելով ԵՄ շեմքի մոտ: Եթե ԵՄ առաջարկի
համագործակցության նոր շահավետ պայմաններ, Բաքուն կհամաձայնի, սակայն որևէ
կարգավիճակ չի ստանա այդ հարաբերությունները պահպանելու համար: Ադրբեջանի
էներգապաշարների նկատմամբ Եվրոպայի ներկայիս հետաքրքրությունը, Լերների կարծիքով,
Ալիևին թույլ է տալիս վարել այդպիսի քաղաքականություն. այդ հետաքրքրության գլխավոր
նպատակը ԵՄ շուկա էներգառեսուրսների մատակարարների դիվերսիֆիկացումն է: «Հասկանալի
է, որ Ադրբեջանի բաժինն այդ շուկայում մեծ չէ, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների
վերացումն ավելի է նվազեցնում այդ բաժինը, սակայն դեպի Արևմուտք հատուկ ճանապարհի
համար Բաքուն դեռ բավականաչափ ռեսուրսներ ունի», - ամփոփել է փորձագետը:
Հայաստանի
և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար
փորձագետների համատեղ առցանց մամուլի ասուլիսները կազմակերպվում են «Միմյանց
վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության
հաստատում առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության միջոցով» նախագծի
շրջանակում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և
ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծին աջակցում
են Հայաստանում և Ադրբեջանում Մեծ
Բրիտանիայի դեսպանությունները: