ԵԱՀԿ
Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյսմ Ուորլիքը, Պիեռ Անդրիեն ՄԱԿ Գլխավոր
ասամբլեայի շրջանակում հանդիպում են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի
արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը ներկա
է եղել նաև ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ինչպես հաղորդում է կազմակերպության մամուլի
ծառայությունը, հանդիպման ընթացքում եռանախագահներն արտգործնախարարների հետ
քննարկել են հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման
նախապատրաստումը, որի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մտադիր են
շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առանցքային տարրերի
շուրջ երկխոսությունը:
Համանախագահները հույս են հայտնել, որ նախագահներն
արդյունավետ քննարկում կանցկացնեն` գործընթացում առաջխաղացման և հակամարտության
տևական կարգավորման հասնելու նպատակով:
Ֆրանսիացի համանախագահը հանդիպման մասնակիցներին հակիրճ
տեղեկացրել է այն հարցերի մասին, որոնք կարող են ներառվել առաջիկա հանդիպման
օրակարգում:
Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում մտադիր են նաև այցելել
տարածաշրջան:
Եռանախագահները
հանդիպել են նաև ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ` հաշտության գործընթացի
վերջին իրադարձությունները քննարկելու համար: Նրանք Բուրկհալտերին հաշվետվություն են
ներկայացրել Սոչիում և Ուելսում նախագահների հետ վերջին հանդիպումների մասին և
նրան հաղորդել Փարիզի հանդիպման նախապատրաստման մասին: