Հովհաննես Թումանյանի հեքիաթները կբեմարվեն քրեոլական հնչեղությամբ:
Նախաձեռնությունն սկսվել է այս տարի, երբ Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանը հայտարարեց Հայաստանի հետ համատեղ աշխատանքային ծրագրերի առաջարկների մրցույթ: Ֆրանսիայում գործող ՙՍաթէ-Աթղը՚ թատերական միությունը ցանկություն է հայտնել մասնակցելու այդ մրցույթին` հայկական հեքիաթների բեմադրությամբ: Բեմադրվել են Հովհաննես Թումանյանի հեքիաթները` ՙԱնխելքը մարդը՚, ՙՍուտասանը՚, ՙՄի կաթիլ մեղրը՚, ՙԲարեկենդանը՚« ՙԿիկոսի մահը՚, ՙՔաջ Նազարը՚: Այս մասին ասուլիսում հայտարարեց նախագծի պատասխանատու և ղեկավար, բեմադրիչ Սաթենիկ Խաչատրյանը: Նա նաև տեղեկացրեց, որ համագործակցության շրջանակներում հունիսի 15-ից հուլիսի 15-ը սույն բեմադրությունը ներկայացվելու է Հայաստանում:
Բեմադրության մեջ հանդես է գալիս ծագումով Կարիբյան կղզիներից դերասան-երաժիշտ Յաննիկ Լուին: ՙԵս Հովհաննես Թումանյանին բացահայտել եմ Սաթիի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ: Բացահայտելով Թումանյանին` հասկացա, որ նա մի արվեստագետ է, որը լայն մտահորիզոն է ունեցել ու համոզված եմ, որ երկրում էլ այդ հեքիաթները պատմելու լինենք, կհասկանան, որ համաշխարհային մեծության գործեր են՚,- ասաց Յաննիկ Լուին: Որպես կերպար, շատ է սիրում Քաջ-Նազարին:
Ծրագիրը կընթանա երկու փուլով. համագործակցություն հայաստանյան երկու պետական թատրոնների հետ` Երևան և Գորիս քաղաքներում և բեմադրության ցուցադրություն Սիսիան, Վարդենիս, Սևան, Գավառ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում:
Նախատեսվում է մեկ շաբաթյա համատեղ աշխատանք Գորիսի և Երևանի պետական թատրոնների հետ: Աշխատանքը կընթանա հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր թատրոնի երեք դերասանների հետ կաշխատեն մեկ շաբաթ, որի արդյունքում կիրականացնեն Թումանյանի հեքիաթների համատեղ մի բեմադրություն, որն էլ կհանձնեն հանդիսատեսի դատին:
Ներկայացման մեջ հայերեն ժողովրդական երգերից զատ հնչում է նաև կարիբյան ազգային երգ երաժշտություն: Հեքիաթները եռալեզու են` ֆրանսերեն, հայերեն եվ քրեոլ /Կարիբյան կղզիների պետական լեզուն/: