Չնայած Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը՝ Հայաստանը կշարունակի իր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման ուղղությամբ՝ միջազգային սկզբունքներին եւ նորմերին համապատասխան: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում իր ելույթում:
ՙՄենք համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Ցավոք, մինչ այժմ Ադրբեջանի ղեկավարությունն այլ կերպ է վարվում, օրեցօր ավելացնելով հակահայկական հռետորաբանությունը՝ դրա համար օգտագործելով նույնիսկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնը: Մենք լիովին համաձայն ենք համանախագահների այն կարծիքին, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը, եւ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել խաղաղության եւ կայունության: Մինչդեռ Ադրբեջանը հարձակողական զենքի զանգվածային կուտակումով վտանգում է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությունը: Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հավասարության նկատմամբ՚, - հայտարարել է նախարարը։
Նա նաև ավելացրել է, որ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը, ավելացնելով ագրեսիան և ռազմական գործողությունները ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ` օգտագործելով տխրահռչակ ահաբեկչական խմբավորումների հետ կապված վարձկանների: ՙԱդրբեջանը փորձում է ստեղծել տպավորություն, թե կիսում է միջազգային հանրության մոտեցումները, իսկ միջազգային հանրությունը կիսում է Բաքվի դիրքորոշումը: Սակայն իրականում, արդբեջանական կողմը հետևողականորեն մերժում է համանախագահների բոլոր առաջարկությունները, ավելին, պարբերաբար սադրանքներ է կազմակերպում շփման գծում: Գլխավոր ասամբլեայի նախորդ նստաշրջանին ես խոսեցի Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակման եւ հերոսացման մասին, որը խստորեն դատապարտվեց ողջ միջազգային հանրության կողմից: Սակայն նույնիսկ այսօր, դրանից ավելի քան մեկ տարի անց, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են պնդել, թե այն, ինչ իրենք արել են, շատ դրական քայլ էր, և անգամ քննադատում են միջազգային հանրությանը: Դա հստակ ցույց է տալիս Ադրբեջանի ղեկավարության եւ միջազգային հանրության ընկալումների միջեւ խորացող անդունդնը՚, - ընդգծել է արտգործնախարարը: