Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեմ չէ ոչ իշխանական քառյակի /ՙԲարգավաճ Հայաստան՚, ՙԺառանգություն՚, ՀՅԴ և Հայ ազգային կոնգրես/ կայացմանը և ամրապնդմանը`որպես առողջ ընդդիմություն: Այդ մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, իշխանությունն իր հնարավորությունների չափով պայմաններ է ստեղծում քառյակի ամրապնդման համար: Սակայն, այսօր իրավիճակը ցույց է տալիս, որ քառյակում որոշակի հակասություններ կան, և ժամանակը ցույց կտա, թե որքանով է այդ ձևաչափը կենսունակ:
Նա նշել է, որ քառյակի մեջ մտնող ՙԲարգավաճ Հայաստանի՚ ներկայացուցիչները պնդում են սահմանադրական բարեփոխումների անընդունելիության մասին, սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ հարկավոր է սպասել մինչև հրապարակվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: