Հայ ազգային կոնգրեսը բացառում է որևէ համագործակցություն Հայաստանի նոր կառավարության հետ, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Մանուկյանը հաղորդել է, որ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանից առաջարկ է ստացել`ՀԱԿ-ից մեկ թեկնածու ներկայացնել կենսաթոշակային բարեփոխման թերությունների վերացման աշխատանքային խմբում ներգրավվելու համար: Պատգամավորը նշել է, որ մերժել է այդ առաջարկը, քանի որ ՀԱԿ դիրքորոշումն անփոփոխ է` պարտադիր բաղադրիչը պետք է ամբողջովին չեղյալ հայտարարվի, հակառակ դեպքում Կոնգրեսը չի մասնակցի որևէ հանձնաժողովի աշխատանքին:
Բացի այդ, Մանուկյանի խոսքով, կառավարությունում կադրային վերջին նշանակումները ցույց են տալիս, որ որևէ որակական փոփոխության մասին խոսել չենք կարող: ՙՄենք շարունակում ենք գործ ունենալ կոռումպացված, վարկաբեկված մարդկանց հետ՚,- ասել է պատգամավորը: ՙՄենք համոզվել ենք, որ որևէ վարչապետ չի կարող ինքուրույն գործել: Դա բացառում է համակարգային բարեփոխումների հնարավորությունը, հետևաբար`նման կառավարության հետ մենք չենք աշխատի՚,- ասել է Մանուկյանը: