Թուրքիան արդեն Վրաստանից վերցրել է Աջարիան` թե կրոնական, թե տնտեսական առումով: Այդ մասին հայտարարել է վրացի դիվանագետ և քաղաքագետ Համլետ Չիպաշվիլին ՙՌոսբալտին՚ հարցազրույցում:
Նրա ասելով, Աջարիայում գործում են տարբեր մահմեդական կրոնական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են անմիջականորեն Թուրքիայի կառավարության կողմից` առավել թվով բնակչության իսլամականացման նպատակով: ՙՆրանք թուրքական մեդրեսեներում ուսման համար Աջարիայից տանում են աղջիկների և պատանիների, որոնք վերադառնում են հայրենիք, քարոզում իսլամ. դա Օսմանյան կայսրության վերականգնման բաղադրիչներից մեկն է: Ի դեպ, վերջերս այդ թեման վերստին բացահայտ կերպով բարձրացրել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը՚, - նշել է քաղաքագետը:
Չիպաշվիլին ընդգծել է, որ թուրքերը վրացիներից պահանջում են կառուցել մզկիթներ, որոնց պակաս Աջաիրայում առանց այդ էլ չի զգացվում. մզկիթ կա գրեթե յուրաքանչյուր գյուղում, հատկապես` ինքնավար հանրապետության լեռնային շրջաններում: ՙՄի հետաքրքիր պահ. Թուրքիայի կառավարությունն ասել է, թե չի ֆինանսավորի Բաթումում մզկիթի շինարարությունը, սակայն դա բլեֆ է, Աջարիայում գտնվող 200-ից ավելի ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք ստեղծվել և ֆինանսավորվում են թուրքերի կողմից, հայտարարել են այդ նախագծում միջոցներ ներդնելու պատրաստակամության մասին: Իսկ ընդհանուր առմամբ, հիշեցնեմ, որ այսօր Թուրքիայի 40 հազար քաղաքացիներ արդեն ունեն նաև Վրաստանի քաղաքացիություն՚, - ասել է փորձագետը:
Չիպաշվիլիի ասելով, Աջարիայում մարդիկ արդեն զգուշանում են մայրենի լեզվով խոսել, քանի որ դա դուր չի գալիս թուրքերին, որոնց ձեռքում է ինքնավար հանրապետության ողջ բիզնեսը: ՙԸստ էության, թուրքական էքսպանսիա է դիտվում ոչ միայն Աջարիայում. այն բավականին զգալի է նաև բուն Թբիլիսիում: Բավական է անցնել քաղաքաի կենտրոնական պողոտաներից մեկով` դրանում համոզվելու համար: Ողջ Վրաստանը հեղեղված է էժանագին թուրքական ապրանքներով: Թուրքիան տնտեսապես լիովին զավթել է Վրաստանը իշխանություննրի` ներքին շուկան և տեղի արտադրողներին պաշտպանելու ունակության լիակատար բացակայության պայմաններում՚, - եզրափակել է վրացի քաղաքագետը: