Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ
համագործակցելու հեռանկարների շուրջ կարծիքները ոչ իշխանական քառյակում (ՀԱԿ, ԲՀԿ,
ՀՅԴ և «Ժառանգություն») միանգամայն տարբեր են:
Ինչպես
Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, Ռոբերտ Քոչարյան - քառյակ համագործակցությունը հնարավոր է: Նա ողջունել է
այն փաստը, որ շատ հարցերի վերաբերյալ երկրորդ նախագահի հայացքները համընկնում են քառյակի դիրքորոշմանը: «Դա նշանակում է մի բան` քառյակը ճիշտ ուղու վրա է, ճիշտ է մատնանշել այն խնդիրները, որոնց մասին խոսում են բոլորը և այդ թվում նաև Քոչարյանը», - նշել է պատգամավորը, ընդսմին հավաստիացնելով, թե
այժմ քառյանի և Քոչարյանի միջև կապ չկա: Մեկնաբանելով այն հայտարարությունները, որ
Քոչարյանն իրավունք չունի գնահատական տալ ներկայիս իշխանություններին, քանի որ նրա
նախագահության օրոք երկրում տիրում էին նույն անօրինականությունն ու կոռուպցիան,
Մարգարյանը հայտարարել է. «Ես կարծում եմ, որ եթե Քոչարյանը խոսում է այդ մասին, ուրեմն ինքը վստահ է, որ իր ժամանակ համենայն դեպս այդ աստիճան չի եղել»:
Միանգամայն
հակառակ կարծիքի է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ով քառյակին կասկածում է Քոչարյանի հետ
համագործակցության համար: «Եթե քառյակը գիտակցում է, որ Ռոբերտ Քոչարյանը ավելի է նվազեցնում իրենց հանդեպ հանրային վստահությունը, նա պարտավոր է ուղղակի արձագանքել և հեռավորություն վերցնել Ռոբերտ Քոչարյանից: Եթե նա չի արձագանքում, ապա թերևս ինձ մնում է նույնպես ենթադրել, որ գործողությունները սինխրոնացված, համակարգված, պայմանավորված են և, այո, նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա միջև գոյություն ունի տեսանելի փոխկապվածություն` աշխատելու նույն ուղղությամբ», - նշել է նա:
Անդրադառնալով իշխանությունների հասցեին հնչեցրած Քոչարյանի սուր գնահատականներին, որտեղ նա խոսում է կոռուպցիայի և պաշտոնյաների անկշտության մասին, Ստեփան Սաֆարյանը, ի տարբերություն իր «բարգավաճող» գործընկերոջ,
հայտարարել է, որ երկրորդ նախագահն իրավունք չունի նման գնահատականներ տալ, քանի
որ երկրում գործող արատավոր համակարգի հիմնադիրներից մեկն է: «ժողովուրդը չի մոռացել Քոչարյանի պաշտոնավարման տարիները և այդ ընթացքում իրականացված կասկածելի գործարքները», - ասել է նա:
ՀԱԿ
խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր հերթին հայտարարել է, որ չի ցանկանում
մեկնաբանել Քոչարյանի խոսքերը, քանի որ նրան քաղաքական գործիչ չի համարում: Ընդ որում նա համաձայնել է այս կամ այն հարցի
վերաբերյալ երկրորդ նախագահի քննադատական գնահատականներին:
Նշենք,
որ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հանդես է գալիս հարցազրույցներով, որոնցում սուր
քննադատության է ենթարկում գործող իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականությունը: Նրա
քննադատության են արժանացել Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրման,
սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու նախաձեռնությունները: Իր վերջին
հարցազրույցում նա քննադատել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու
համար տուգանքների համակարգը, ինչպես նաև անօրինական է համարել Որոտանի ՀԷԿՀ
սեփականաշնորհման գործարքը: