Հունիսի 1-8-ը Երևանում տեղի կունենա ՙՄեկ կադր, մեկ րոպե՚ XII միջազգային կինոփառատոնը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է փառատոնի նախագահ Գագիկ Ղազարէն, այս տարի ՙՄեկ կադր, մեկ րոպեն՚ մասնակցության շուրջ 500 հայտ է ստացել: Ընդհանուր առմամբ ընտրվել է 157 մեկ րոպեանոց և կարճամետրաժ ֆիլմ, որից 70-ը ներառվել է հիմական մրցութային ծրագրում, մնացած 87-ը`հատուկ ծրագրերում:
Ղազարէի խոսքով, փառատոնին մասնակցում են ֆիլմեր աշխարհի 28 երկրից, այդ թվում`Ավստրալիայից, Ավստրայից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից:
Հաղթողները կընտրվեն ՙՄեկ կադր, մեկ րոպե՚, ՙԼավագույն կարճամետրաժ ֆիլմ՚, ՙԿինո առանց սահմանների՚, ՙՀեղինակների ձայն՚ անվանակարգերում: Բացի այդ, պատվոգիր կհանձնվի հայ կինեմատոգրաֆի զարգացման գործում ավանդի համար:
Փառատոնի կազմակերպիչը ՆՓԱԿ նորարար փորձառական արվեստի կենտրոնն է: Առաջին անգամ այն տեղի է ունեցել 2003 թվականին, և մասնակցել է ընդամենը 13 հեղինակ: