Կազանի փաստաթուղթն, ըստ էության, Մադրիդյան սկզբունքներն են՝ որոշակի փոփոխությունների ենթարկված, որոնք ԼՂՀ և Հայաստանի համար ավելի դրական դրույթներ են պարունակում, ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Քանի որ փաստաթուղթը չի հրապարակվել, Քոչարյանը ձեռնպահ է մնացել առաջարկված փաստաթղթին գնահատականներ տալուց: Սակայն, ինչպես նա հայտարարել է, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական հայտարարությունների համաձայն, Կազանի փաստաթուղթը պարունակում է նույն տարրերը և սկզբունքները, որոնք հնչում են այսօր համանախագահների կողմից:
Նրա խոսքով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բազմիցս հավաստիացրել են, որ ինչ-որ փուլում Ղարաբաղը բանակցային գործընթացի մասնակից կդառնա: ՙԻնչ-որ փուլում Ղարաբաղի մասնակցությունը ենթադրում էր Կազանի փաստաթուղթը: Եթե երկու պետությունները տային իրենց համաձայնությունը, Ղարաբաղը կներգրավվեր բանակցություններում, և արդեն կանցնեին եռակողմ բանակցությունների և ձեռնամուխ կլինեին պայմանագրի մշակմանը՚,- հայտարարել է նա: Այսինքն՝ համանախագահների պատկերացմամբ, երբ արդեն սկսվի բուն պայմանագրի մշակում, Լեռնային Ղարաբաղ պետք է ներգրավվի բանակցային գործընթացում: ՙՍակայն, վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ որքան շուտ Արցախը ներգրավվի բանակցային գործընթացում, այնքան ավելի արդյունավետ կընթանա այն՚,- ընդգծել է փոխարտգործնախարարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, բանակցությունների սեղանին Կազանի փաստաթուղն է, որը ներկայացվել է 2011 թվականին: Այդ մասին
հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ պայմանագրի բոլոր բաղադրիչները սեղանի վրա են, և կողմերը չափազանց մոտ են կարգավորմանը: «Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել, չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել կարգավորման սկզբունքների համաձայնեցումը՚,- հաղորդել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Կազանի փաստաթուղթը բաղկացած է 14 կետից և ենթադրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում, ինչպես նաև նրա հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը` Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով: Մյուս սկզբունքները վերաբերում է երկու կողմերի փախստականների վերադարձին, միջանկյալ կարգավիճակին, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգտությունն ու ինքնակառավարումը, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիկքներին` համաձայնագրի կատարումն ապահովելու համար:
Նշենք նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները ներառում են՝ Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,
Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանված և փախստականների` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն։