Անկարայի, Բաքվի և
Թբիլիսիի ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման մասին հայտարարություններին հարկավոր է
վերաբերվել առողջ թերահավատությամբ մեծ բաժինով: Այդ մասին Արմինֆո-ի թղթակցի հետ
զրույցում հայտարարել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի
«Ազգային ռազմավարության խնդիրները» հանդեսի գլխավոր խմբագիր Աջար Կուրտովը`
մեկնաբանելով Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների
հանդիպումը Նախիջևանում:
«Այդ հանդիպման ժամանակ լիարժեք փաստաթուղթ չի
ընդունվել: Իսկ առանց նման պայմանագրի բոլոր հայտարարություններն ավելին չեն, քան`
դիվանագիտական խորամանկություն: Նախ` այդպիսի հանդիպման ընթացքում երբեք չի կարող
ընդունվել նման ակտ` երեք երկրների ռազմաքաղաքական միության հիմնադրման շուրջ
պայմանագիր: Դա հասկանում է ցանկացած ոք, ով փոքրիշատե գլուխ է հանում
քաղաքականությունից: Չէ որ հանդիպել են պաշտպանության նախարարները, իսկ նման
կարևոր պայմանագրերը միշտ ստորագրում են պետությունների ղեկավարները: Երկրորդ
հանգամանքը. այժմ Վրաստանում իրավիճակն
ամենևին պարզ չէ հատկապես ռազմական գերատեսչության շուրջ: Երկու կողմերը` նախագահն
ու վարչապետը, «ծածկոցը քաշում են` յուրաքանչյուրն իր վրա», ձգտելով իրենց
վերապահել երկրի զինված ուժերի
հրամանատարության բարձրագույն ներկայացուցիչների նշանակման լիազորությունները
(մասնավորապես, խոսքը վերաբերում է Գլխավոր շտաբի պետի պաշտոնին): Այդ
դիմակայությունն արտացոլում է Վրաստանում առկա ընդհանուր բարդ իրավիճակը` Բիձինա
Իվանիշվիլիի` իր պաշտոնից ստվեր անցնելուց հետո», - ասել է Կուրտովը:
Եվ այդ իրադրությունում, ընդգծել է փորձագետը, դժվար է
ինչ-որ սկզբունքային քայլեր ակնկալել անվտանգության արտաքին քաղաքական
ասպեկտներում:
Ինչ
վերաբերում է Թուրքիայի քաղաքականությանը, ապա, Կուրտովի ասելով, պետք չէ մոռանալ,
որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, և այդ իմաստով լիովին ինքնուրույն
չէ ամեն մի նոր ռազմական դաշնակից ընտրելիս: «Այդ առումով Վրաստանն Անկարայի
համար, ընդհանրապես, չի կարող շատ մեծ հետաքրքրություն ներկայացնել, քանի որ
վրացիները թուրքերի հետ կողք-կողքի չեն մարտնչի ոչ հույների, ոչ էլ սիրիացիների
դեմ: Նման բան պատկերացնելը, գործնականում, անհնար է: «Այլ բան է Հարավային
Կովկասը: Ես կարծում եմ, որ Թուրքիան նույնպես Հարավային Կովկասի մի մասն է, և նա, բնականաբար, ներքաշված է տեղական
քաղաքականության մեջ: Սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Բաքվի և Անկարայի միջև
առանց այդ էլ գոյույթուն ունեն ռազմաքաղաքկաան բնույթի պարտավորություններ, որոնք,
ի դեպ, գործնականում իրագործվում են (մասնավորապես` ադրբեջանցի զինվորականների
ուսուցման գործում): Այդ դեպքում ու՞մ է հարկավոր նոր պայմանագիրը: Դրա իմաստը
կարող է լինել միայն ևս մեկ մասնակցի` Վրաստանի ներգրավումը: Սակայն այդ վարկածը
ես արդեն վերը քննադատության եմ ենթարկել: Այսինքն, իմ հետևությունը սա է. Բաքվի
քաղաքական գործիչները հերթական անգամ որոշել են դիվանագիտական և քաղաքական
ակտիվություն ցուցադրել այն բանից հետո, երբ օգոստոսի սկզբին իրենց չհաջողվեց
ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ` ավելացնելով ռազմական սադրանքները ԼՂՀ հետ շփման գծում», -
ամփոփել է Ա.Կուրտովը: