Ամերիաբանկն ավարտել է VISA քարտերով ինտերնետ-էքվայրինգի ներդրման աշխատանքները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, բանկն առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդներին առաջարկում է էքվայրինգի ծառայություններ` իր իսկ կողմից մշակված միասնական ծրագրային գործիքի (vPOS/virtual POS) միջոցով: Վերջինս առևտրային կետերին եզակի հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով ընդունելու VISA, MasterCard և ArCa քարտերով վճարումներ` խուսափելով լրացուցիչ և ժամանակատար ծրագրավորման և կարգաբերման խնդիրներից:
Ինչպես նշում են բանկի փորձագետները, ուսումնասիրությունները վկայում են, որ էլեկտրոնային առևտուրը Հայաստանում վերջին տարիներին արագ զարգացող ոլորտներից է: Էլեկտրոնային առևտրի ընդհանուր ծավալը (հայաստանյան և արտերկրի բանկերի կողմից թողարկված քարտերի միջոցով իրականացված գործառույթներ) 2012թ. համար գնահատվում է 4.4 միլիարդ ՀՀ դրամ, միջին տարեկան աճը վերջին 2-3 տարիներին կազմել է 40-45%: Սակայն էլեկտրոնային առևտրի գործարքների ծավալը Հայաստանում դեռևս ցածր է տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ:
Նշենք, որ «Ամերիաբանկե ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկե ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: