ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, որ պաշտոնն ստանձնել է 2013 թվականի մայիսին, այցելել է GPM ձեռնարկություններից մեկը Հայաստանում` Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունում, այցելության շրջանակում Ի.Վոլինկինը ծանոթացել է արտադրությանը և GPM Gold ղեկավարության հետ զրուցել գործերի վիճակի և Հայաստանում ընկերության հետագա զարգացման հեռանկարների մասին:
Սա Հայաստանում Ռուսաստանի դեսպանի առաջին այցն է GPM ընկերության ձեռնարկություններ, որը Ռուսաստանի խոշորագույն ներդրողներից մեկն է Հայաստանում: Ներկայում Արարատի ֆաբրիկայում լայնածավալ արդիականացում է ընթանում, որի շրջանակում իրականացվում է ՙԱլբիոն՚ նորարարական տեխնոլոգիայով հանքաքարի հարստացման նոր գծի շինարարություն: Այդ նախագծի իրագործումը թույլ կտա մի քանի անգամ ավելացնել արտադրության ծավալները և բարձրացնել ձեռնարկության աշխատանքի արդյունավետությունը:
ՙՄեծ հետաքրքրությամբ ծանոթացա GPM ընկերության աշխատանքին Հայաստանում: Գոհ եմ դրա գործունեությունից այստեղ` թե արտադրական, թե սոցիալական առումով: Թափանցիկություն, հուսալիություն, մրցունակություն, և, իհարկե, հիանալի կոլեկտիվ. ահա հիմնական պարամետրերը, որոնք խոսում են հայկական հողում ընկերության փայլուն հեռանկարների մասին: Համոզված եմ, որ GPM-ը, որը ժամանակակից ձեռնարկություն է և վիթխարի ավանդ է ներմուծում ռուս-հայկական հարաբերությունների ներկանպակում, այսուհետև էլ կզարգանա բարեկամության շահերին համապատասխան և ի բարօրություն մեր երկու երկրների ժողովուրդների: Ուրախ կլինեմ շարունակել շփումները թե ձեռնարկության ղեկավարության, թե կոլեկտիվի հետ՚, - ընդգծել է Հայաստանում ՌԴ դեսպանը:
ՙՄենք միշտ ուրախ ենք ողջունել բարձրաստիճան հյուրերին մեր ձեռնարկություհում: GPM ընկերությունն արդեն շատ տարիներ սերտ աշխատանքային հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչների հետ Հայաստանում, իրագործում է համատեղ սոցիալական նախագծեր և մասնակցում ռուսերենի ժողովրդականացմանը Հայաստանում: Մենք երախտապարտ ենք մեզ ցուցաբերվող աջակցության համար և որպես բարեխիղճ ներդրող ուրախ ենք մեր ավանդը ներդնել Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխհարաբերությունների ամրապնդման գործում՚, - ասել է GPM Gold գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոզլովը:
2001 թվականին հիմնադրված GeoProMining-ը միջազգային մասնավոր ընկերություն է` ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով: GeoProMining-ի ձեռնարկությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում: Հայաստանում GeoProMining-ին են պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և GPM Gold ընկերությունը, որը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի սեփականատերն է և զբաղվում է Սոտքի ոսկու հանքավայրի մշակմամբ: