ՙՀելսինկյան քաղաքացիական ասամբլեա՚ ոչ կառավարական կազմակերպության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը միջազգային և միջպետական կառույցներին, ժողովրդավար պետություններին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին և իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում չանտեսել ԱՊՀ շրջանակներում առկա գործընթացները:
Իր հայտարարության մեջ անդրադառնալով հոկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական միությանն ու Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի և Ղրղըզստանի նախագահների հայտերը բավարարելու վերաբերյալ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների Մինսկում ընդունած հայտարարությանը` Սաքունցը, մասնավորապես, հայտարարել է, որ վերը նշված միություններին Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցության հայտերը ներկայացվել են ժողովրդավարական սկզբունքների կոպիտ խախտումներով, առանց քաղաքացիների նախնական իրազեկման և նրանց կարծիքը հաշվի առնելու: