ՙԲարև՚ շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները և Սերժ Սարգսյանի երդումը, ապրիլի 12-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՙԱշխարհը պետք է ճանաչի հայ ժողովրդի հաղթանակը: Մենք չենք ճանաչում փետրվարի 18-ին կեղծված նախագահական ընտրությունները և կեղծ երդմնակալությունը, որը տեղի ունեցավ ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՚,- հայտարարել է նա:
Նրա խոսքով, սա մեկժամյա պայքար չէ, և առաջիկա ամիսներին շարժումը հանգիստ չի տա իշխանություններին և կտեղափոխի հաղթանակը երկրի բոլոր անկյուններ, սակայն պայքարը մղվելու է առանց արյան: ՙՇուտով այս իշխանություններն ստիպված կլինեն հրաժարական տալ, կեղծ ընդդիմությունը`նույնպես, քանի որ ժողովուրդը հաղթել է՚,- հայտարարել է Հովհաննիսյանը:
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ փետրվարի 18-ից մինչև ապրիլի 9-ը ժամանակահատվածում կարող էր բազմաթիվ սխալներ թույլ տալ, բայց ինքը հավատարիմ է մնացել իր խոստմանը`չթափել ժողովրդի արյունը: Միաժամանակ նա դատապարտել է այն ոստիկաններին, ովքեր բռնություն են գործադրել ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ և կոչ արել ոստիկանապետին պատասխանատվության ենթարկել մեղավորներին: ՙԵս ընդունում եմ քննադատությունը և կշտամբանքները, բայց չեմ ընդունում նրանցից, ովքեր ապրիլի 9-ին չէին գտնվում Ազատության հրապարակում, և նստելով իրենց տաքուկ կաբինետներում`խոսում էին ժողովրդի ձախողման մասին, և նրանցից, ովքեր օգտվելով իմ մեկժամյա բացակայությունից`փորձեցին իրենց քաղաքական ղեկավարի և ժողովրդի առաջնորդի տեղը դնել՚,- ընդգծել է շարժման ղեկավարը: