Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում է մամուլում տարածված և վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձած տեղեկությունները՝ ադամանդագործական բիզնեսի հետ իր ունեցած առնչության վերաբերյալ: Այս մասին Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արարատյան Հայրապետական թեմի մամուլի ծառայությունից:
ՙԱյսպես կոչված ՙօֆշարային սկանդալի՚ հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն` գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին: Իր անվան շուրջ պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունների փաստի առիթով իրավապահ մարմիններին չդիմելու զարմանքի առնչությամբ Սրբազանը հայտարարում է, որ այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգևորականի մասին իր ունեցած պատկերացումներին: Տարածվող տեղեկությունները, թե, իբր, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ներկա է եղել անդամանդագործության զարգացմանն առնչվող պետական հանձնաժողովներից մեկի նիստին, չեն համապատասխանում իրականությանը:
Սրբազանը դատապարտում է Երևանի Սբ.Սարգիս եկեղեցու խաչքավորներից մեկի՝ Աշոտ Սուքիասյանի հետ իր շփման շահարկումը՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող սեփական ենթադրություններն ու դատողությունները փաստարկելու նպատակով:
Սրբազանը բարձր է գնահատում ժողովրդավարական հասարակության արժեքները, սակայն խոսքի ազատության չարաշահումը համարում է վտանգավոր և վնասակար, առաջին հերթին, հենց այդ արժեքների ջատագովների համար: Ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ՚,-ասված է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ օրերս հրապարակվել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից Գլխավոր դատախազությանն ուղղվված հայտարարությունն արդեն փոխանցվել է ոստիկանությանը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, վարչապետը հայտարարություն էր ներկայացրել Hetq.am կայքում հրապարակված` ՙՈվ Փայլակ Հայրապետյանին զրկել է գույքից. օֆշորային եռյակ՚ հրապարակման կապակցությամբ: Ի դեպ, վարչապետը դատախազությանն է տրամադրել կայքում հրապարակված նյութի ֆոտո-պատճենը, խնդրելով ուսումնասիրել և հետաքննել հրապարակված նյութը: Միաժամանակ, վարչապետը հաղորդել էր, որ ոչ Կիպրոսում, և ոչ էլ օֆշորային այլ գոտիներում ոչ ոքի չի գրանցել և ոչ ոքի չի լիազորել իր անունից գրանցել որևէ կազմակերպություն: Համաձայն նշված հրապարակման, Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության բաժնետերերն են հանդիսանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը և ալմաստի բիզնեսով զբաղվող Աշոտ Սուքիասյանը: