Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրությունները Հայաստանում իրավիճակը փոխելու հերթական հնարավորություն է, ինչը չի կարելի բաց թողնել: ՀԱԿ-ը պարտավոր է վերադարձնել իշխանությունը ժողովրդին, ինչը մենք կանենք մայիսի 5-ին: Այդ մասին, ելույթ ունենալով ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության համագումարի ժամանակ, հայտարարել է ՀԱԿ-ից քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը:
ՙԱռաջիկա ընտրությունների կարևորությունն այն է, որ, ըստ էության, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, այնուամենայնիվ, ունեն համահանրապետական նշանակություն և բնույթ: Հաշվի առնելով, որ Երևանը պետություն է պետության մեջ` Երևանի ազատագրմամբ ընդդիմությունը համատեղ կհասնի իշխանությունների կողմից երկրի նկատմամբ վերահսկողության և քաղաքական մոնոպոլիայի կորստի՚,- նշել է Խաչատրյանը:
ՀԱԿ համագումարն ընթանում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դահլիճում ներկա են Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները`Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության` Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, ՀՅԴ` Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ և ՙԲարգավաճ Հայաստանի՚`Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ: