Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 17-ին տեղի ունեցած միջադեպին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ՙՕգոստոսի 17-ի ժամը 22-ի սահմաններում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հարակից տարածքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԶԼՄ-ներում շրջանառվող հրապարակումների վերաբերյալ հայտարարում ենք. Մեր աշխատակիցները որևէ առնչություն չունեն տեղի ունեցածին։ Տեղեկությունները, որ որոշ անձինք փորձել են ապօրինաբար մուտք գործել ՌԴ դեսպանատան տարածք կամ ինչ-որ առարկա (առարկաներ) նետել դեսպանատան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը՚։
Հիշեցնենք, որ 2013 թ. օգոստոսի 17-ին Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ աշխատողների և քաղաքացիների միջև վիճաբանություն է: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22:10-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Գր. Լուսավորիչ 13ա հասցեում տեղակայված ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: Նույն օրը, ժամը 23.25-ին, Երևանի քաղաքապետարանի դիմացից, նշված արարքը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստներ Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը և Գոռ Առաքելյանը : Ոստիկանության Կենտրոնական բաժնում Մ. Դավեյանը, Գ. Առաքելյանը և Կ. Հարությունյանը հրաժարվել են բացատրություններ տալուց: 18.08.2013 թ. նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին: