Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններում հանրապետականների հետ կմրցակցեն ևս երեք թեկնածուներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից, ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ. օգոստոսի 15-ը` ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել անկուսակցական Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, անկուսակցական Տիգրան Ալավերդիի Սարգսյանը, անկուսակցական Վահրամ Արտուշի Հովհաննիսյանը` ինքնաառաջադրման կարգով, ինչպես նաև Արմեն Սերյոժայի Կարապետյանը` առաջադրված Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, և Սամվել Ռաֆիկի Հայրապետյանը` առաջադրված ՙԺառանգություն՚ կուսակցության կողմից:
Համաձայն նախապես հաստատված ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի` Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կիրականացվի մինչև ս.թ. օգոստոսի 25-ը: