Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան երկար և խրթին է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհը: Այդ մասին ասվում է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հայտարարության մեջ:
ՙՄենք անկեղծորեն ցավում ենք նոյեմբերի 12-ին երեք հայ զինվորականների կյանք խլած միջադեպի համար և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և մերձավորներին։ Սույն միջադեպը ցավոք ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան երկար և խրթին է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված կարգավորման ճանապարհը։ Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, կարող եմ միայն ցանկանալ, որ մոտակա օրերին և շաբաթներին կողմերը ձեռնպահ մնան բանավոր լարվածության և սադրանքի ցանկացած դրսևորումից և վերադառնան Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ Սոչիի, Նյուպորտի և Փարիզի հանդիպումների ժամանակ մեկնարկած երկխոսության դինամիկային։ Վստահության միջոցառումների որդեգրումը անհրաժեշտ է ավելի քան երբևէ՚,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24ե ուղղաթիռը, որրում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: