Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիան Հայաստանի բնակչության համար կթանկանա 27 %-ով: Այդ մասին մայիսի 23-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:
Նա նշել է, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հիմնական պատճառը Հայաստան ներմուծվող ռուսական բնական գազի թանկացումն էր: ՙՄինչև գների բարձրացումը 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կազմում էր 30 դրամ, իսկ գիշերայինը` 25 դրամ: Իսկ հիմա ցերեկայինը կկազմի 37 դրամ, իսկ գիշերայինը` 32 դրամ:
Նշենք, որ Հանձնաժողովի նախնական հաշվարկների համաձայն, Հայաստանում 1 խմ բնական գազի գինը բնակչության համար կկազմի 156 դրամ: Մինչև ներմուծվող գազի գների բարձրացումը 1 խմ բնական գազի գինը կազմել է բնակչության համար 132 դրամ:
Հիշեցնենք, որ ելնելով գազի ներմուծման գինը Հայաստանի համար ներկայիս 1 հազար խմ դիմաց $180-ից մինչև $ 270 բարձրացնելու ՙԳազպրոմի՚ առաջարկից`օրերս վերջինիս դուստր ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ն (80%-ը պատկանում է ՙԳազպրոմին, 20%-ը`Հայաստանին/ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)՝ գազի սակագինը վերանայելու հայտով: ՙՀայՌուսգազարդը՚ առաջարկում է մինչև 10 հազ. խմ սպառողների համար (բնակչության) 1000 խմ գազի ներկայիս 132 հազ. դրամ գինը բարձրացնել մինչև 221 հազ. դրամի: Խոշոր գազ սպառողների համար առաջարկվում է բարձրացնել գազի գինը մինչև $392: ՀՀ կառավարությունը սահմանին գինը մոտավորապես 30% սուբսիդավորելու վերաբերյալ որոշում է կայացրել, սակայն սուբսիդավորման մեթոդիկան պարզ կլինի ռուսական կողմի հետ բանակցությունների ավարտից հետո, որն արդեն Հայաստան 1 հազար խմ դիմաց $180 գնով բնական գազ մատակարարելու պատրաստակամություն է հայտնել, մինչև ՙերկնագույն վառելիսի՚ գնի շուրջ բանակցային գործընթացի ավարտը: