Փոխադրումների նախատեսված ցուցանիշը 2013 թվականի հունվար-հունիսին կատարված է 95,6%-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխադրումները կրճատվել են 8,4%-ով, ասվում է ՙՀարավկովկասյան երկաթուղիներ՚ ՓԲԸ հաղորդագրությունում:
Չնայած նրան, որ կատարվել է բեռնման նախատեսված ցուցանիշը, այնուամենայնիվ, անցյալ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատ բեռնումը կրճատվել է 3,2%-ով: Բեռնումը տեղական հաղորդակցությունում 2012 թ. հունվար-հունիսի համեմատ կրճատվել է 4,5%-ով կամ 35 հազ տոննայով, իսկ բեռնումը ներմուծման հաղորդակցությունում կրճատվել է 22,6%-ով կամ 140 հազ տոննայով:
Միևնույն ժամանակ ընկերությունը դրական միտումներ է արձանագրել ուղևորափոխադրումների ոլորտում. 2012 թվականի առաջին եռամսյակի հետ համեմատ ուղևորաշրջանառությունն աճել է 28,9%-ով:
Օրերս ռազմավարական համագործակցության և գործընկերության վերաբերյալ եռակողմ հուշագիր կստորագրվի ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ի, ՙՎրացական երկաթուղի՚ ԲԸ և ՙՖորչն Ռիզորսիս՚ ՍՊԸ միջև:
Նշենք, որ ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է ՙՀայկական երկաթուղիներ՚ ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: