Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Դրա համար առիթ է հանդիսացել Ղուկասյանի դստեր նշանածի սպանության գործով դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Ղուկասյանը, մասնավորապես, նիստի ժամանակ անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ և վիրավորել ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանին`հրաժարվելով պատասխանել նրա հարցերին, քանի որ վերջինս, նախկին քաղաքապետի բնորոշմամբ, դև է:
Այս առնչությամբ Սահակյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Շիրակի դատախազություն: Ավելի վաղ Ղուկասյանը, լրագրողների վկայությամբ, դատարանի նախասրահում ծեծի է ենթարկել ամբաստանյալի հորը` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին, ով նախաինֆարկտային վիճակում տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:
Նշենք, որ Ղուկասյանի դստեր նշանածը`Կարեն Եսայանը, սպանվել է 2012 թ. ապրիլի 12-ին: Միջադեպից երեք օր անց սպանության կասկածանքով կալանավորվել է Անիի նախկին ոստիկանապետի որդին`Հարություն Սահակյանը: