Երևանը պետք է վերջապես կողմնորոշվի`մտադիր է արդյոք Մոսկվայի հետ հարաբերություններ զարգացնել պրագմատիկայի սկզբունքներով` բացառապես փոխադարձ շահերի հիման վրա, կամ անի դա եղբայրության սկզբունքներով, ՙՌուսաստանի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները ժամանակակից համաշխարհային գործընթացների համատեքստում՚ ինտերնետ-խորհրդաժողովի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը:
ՙԱնհրաժեշտ է ձևակերպել եղբայրության իմաստը: Մի կողմից Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում օգտագործում է պրագմատիզմի լեզուն`անմիջապես հետո հիշեցնելով եղբայրական հարաբերությունների մասին: Ստացվում է, որ այդ ՙեղբայրության՚ ողջ իմաստը Երևանի համար հանգում է այն բանին, որպեսզի իրեն ավելի թանկ վճարեն և հրաժարվեն մյուսներից: Բայց, չէ որ, այդպես չի լինում: Պետք է հասկանալ, որ երբ միանում է փոխադարձ շահերի տրամաբանությունը, վստահության մասին հարկավոր է մոռանալ: Ռուսների շահն ավելի շատ ստանալն է, հայերինը`ճիշտ նույնը: Դուք հարցնում եք, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին, ինչի պատասխան եք ստանում`վաճառում են բոլորին հանուն իրենց շահի: Հայաստանը և Ռուսաստանը խոսելու բան ունեին, գազից ու զենքից բացի, բայց այդ ժամանակն անցել է՚,- նշել է քաղաքագետը:
Անդրադառնալով Ռուսաստանի դերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում`քաղաքագետը նշել է, որ Մոսկվան, անշուշտ, իր ներդրումն է ունեցել Ադրբեջանի նկատմամբ հայկական կողմերի հաղթանակում: Նա հատկապես առանձնացրել է այն փաստը, որ հայամետ և ադրբեջանամետ դիրքորոշումների պառակտումը Ռուսաստանում ձևավորված է երկրի լիբերալ և պահպանողական ընտրախավերի միջև:
ՙԱյլ կերպ ասած`եթե Մոսկվան վերջնականապես գիտակցի, որ ԱՄՆ հետ սունիթական արմատականության ամրապնդվող միության մեջ տեղ չունի, վերջնականապես անցում կկատարի դեպի շիիթական աշխարհի դիրքերը, ինչը կուղեկցվի Հայաստանի` բացառապես պրագմատիկ ընկալմամբ: Այսպիսով, աշխարհաքաղաքականությունում երբեք պետք չէ մեղադրել գործընկեր երկրի քաղաքականությանը: Պետք է մեղադրել սեփական դիվանագիտությանը, ռազմավարությանը, վերջին հաշվով, սփյուռքին, որը ոչ միայն չի կատարում իր պարտականությունները, այլ նաև անընդհատ նույն սխալներն է գործում՚,- ասել է Կուրղինյանը: