Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2014

Տաթևիկ Շահունյան

Հայաստանի օմբուդսմենը դատապարտել է բռնությունն ընդդիմադիրների նկատմամբ

Հայաստանի օմբուդսմենը դատապարտել է բռնությունն ընդդիմադիրների նկատմամբ

 Հայաստանի
օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը  դատապարտում է ոտնձգությունները քաղաքական գործիչների նկատմամբ: Այդ մասին ասվում է ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարությունում:


 


«Խորապես մտահոգված եմ վերջին օրերին քաղաքացիների ավտոմեքենաների հրկիզման, առավել եւս մարդկանց ծեծի, բռնության ենթարկելու դեպքերի մասին տեղեկություններով:


Սուրեն Սարգսյանի դեպքի նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, իմ տեղակալը հանդիպել է նրան, երեկ՝ ժամը 23-ի սահմաններում, իմ ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանի բնակության վայր: Թեեւ այս պահի դրությամբ Սուրեն Սարգսյանը եւ Արամ Մանուկյանը մեզ դիմում-բողոքներ չեն ներկայացրել ընդդեմ պետական մարմինների, սակայն պատրաստ ենք հարուցել վարույթներ տուժածներից բողոքներ ստանալուն պես: Անկախ այդ հանգամանքից՝ այս բոլոր գործերի քննությունն առաջիկայում եւս կլինի մեր ուշադրության կենտրոնում:


Ակնկալում եմ, որ բոլոր իրավապահ մարմինները կգործեն օպերատիվ եւ անաչառ, որպեսզի մեղավորները հնարավորինս արագ բացահայտվեն եւ պատժվեն օրենքի
ողջ խստությամբ:


Հանրությունը պետք է համոզվի, որ մեղավորներն անպատիժ չեն մնում, իսկ քաղաքացիների ապահովության սպառնալիքները վերացված են:


Հանցագործությունների բացահայտմանը զուգընթաց, կոչ եմ անում բոլորին, հատկապես պետական եւ քաղաքական գործիչներին, իրենց հրապարակային ելույթներում պահպանել քաղաքական զսպվածության եւ իրավական էթիկայի նորմերը: Վերջին օրերին առանձին ագրեսիվ արտահայտություններ արդարացիորեն վրդովեցրել են հանրությանը: Հետագա անհարկի լարումից խուսափելու համար հուսով եմ՝ բոլոր կողմերը կպահպանեն մասնագիտական եւ մարդկային վարքագծի անհրաժեշտ ստանդարտները:


Խստորեն դատապարտում եմ ցանկացած ոտնձգություն որեւէ քաղաքացու եւ հատկապես քաղաքացիական ու քաղաքական գործիչների գույքի կամ անձի նկատմամբ», - ասվում է հայտարարությունում:


 



Հիշեցնենք, որ վերջին օրերին Երևանում հրկիզվել են չորս ընդդիմադիրների
մեքենաներ, ծեծի են ենթարկվել Ղարաբաղյան պատերազմի երեք մասնակիցներ, ովքեր
քննադատում են իշխանություններին, իսկ նախօրեին ծեծի է ենթարկվել ընդդիմադիր
պատգամավոր Արամ Մանուկյանը: Բոլոր տուժածները միջադեպերի համար մեղադրում են
երկրի իշխանություններին: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն