Առայժմ պարզ չէ, թե Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի ստորագրումն ինչպես կանդրադառնա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա: Հայաստանը պետք է չափազանց ստույգ պարզի, թե Եվրամիությունն ինչ է առաջարկում Հայաստանին այդ փաստաթղթի միջոցով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:
ՌՀՄ ղեկավարը կարծում է, որ ԵՄ հետ ասոցացման շուրջ պայմանագիրն անհրաժեշտ է քննարկել հասարակայնության լայն շերտերի, լուրջ փորձագետների` իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի ներգրավմամբ: ՙԿարծում եմ, որ այդ հարցում հարկավոր է լուրջ, պրոֆեսիոնալ մոտեցում: Դա այնքան լուրջ հարց է, որ մենք, պարզապես, չենք կարող և չպետք է ղեկավարվենք այսրոպեական հույզերով: Հարկավոր է ուսումնասիրել պայմանագրի յուրաքանչյուր կետ, պարզել, թե մենք ինչ ենք կորցնում ԵՄ հետ մերձեցման դեպքում: Եվ այդ ամենից հետո, կշռադատելով բոլոր ՙկողմ՚ և ՙդեմ՚ հանգամանքները, որոշել, թե արդյոք պետք է ստորագրել այդ համաձայնագիրը՚, - ասել է Աբրահամյանը:
ՌՀՄ ղեկավարն ընդգծել է, որ առայժմ հնարավոր չէ միանշանակ գնահատականներ տալ այն առնչությամբ, թե ՌԴ ինչ դիրքորոշում կդրսևորի ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, երկու երկրների միջև գոյություն ունի լայն իրավական և պայմանագրային դաշտ, սերտ առևտրատնտեսական և ռազմաքաղաքակաան հարաբերություններ:
ՙԱմեն բան հարկավոր է հաշվի առնել զարգացման վեկտորը որոշելիս: Մենք սխալվելու իրավունք չունենք: Մեր բոլոր գործողությունները պետք է լիովին համապատասխանեն մեր ազգային և պետական շահերին՚, - կարծում է Աբրահամյանը: