Այսօր Ադրբեջանի կողմից միջազգային ասպարեզում ղարաբաղյան հակամարտությունն աբխազական և հարավօսական հակամարտությունների հետ նույնականացնելու մշտական փորձերի միտում է նկատվում, բայց Երևանը պետք է ամեն կերպ խոչընդոտի դրան, քանի որ այդ հակամարտությունները տարբեր ծագում ունեն, մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
ՙԻ՞նչ է արել Հայաստանը`միջազգային ասպարեզում այդ հակամարտությունները տարբերակելու նպատակով: Ցավոք, այսօր այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում՚,- ընդգծել է Մանասյանը:
Մեկնաբանելով օրերս տարածված տեղեկատվությունը, որ վրաց պատրիարք Իլյա Երկրորդն իբր նույնպես փորձել է նույնականացնել այդ հակամարտությունները`հայտարարելով, որ
Լեռնային Ղարաբաղը եղել և մնում է Ադրբեջանի անքակտելի մասը այնպես, ինչպես Հարավային Օսիան և Աբխազիան միշտ պատկանել են Վրաստանին`փորձագետը նշել է. ՙԳոյություն ունի երեք հնարավոր տարբերակ`կամ վրաց պատրիարքն անձնական հանդիպման ժամանակ այդ խոսքերն ասել է, որպեսզի շողոքորթի Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին`հուսալով, որ այդ խոսքերը չեն հրապարակվի, կամ նրա խոսքերն աղավաղվել են, կամ նա ընդհանրապես նման հայտարարություններ չի արել՚: