Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը գտնվում է Ֆրանսիայի իշխանությունների ուշադրության ներքո, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
Սակայն, դեսպանը դժվարացել է նշել երկրի Սենատում օրինագծի հայտնվելու հստակ ժամկետներ`Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում: ՙՕրինագիծը մոռացության չի մատնվել, այն գտնվում է ֆրանսիական իշխանության ուշադրության ներքո, այժմ աշխատանքներ են տարվում Սահմանադրությանը դրա ադապտացման ուղղությամբ՚,- ընդգծել է դիվանագետը:
Նշենք, որ 2012 թ. հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում`Հայոց ցեղասպանության, հերքումը քրեականացնելու վերաբերյալ օրինագիծ: Որոշումը հարուցել է պաշտոնական Անկարայի բուռն արձագանքը: Փետրվարի վերջին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծը հակասահմանադրական է համարել, քանի որ այն կարող էր սպառնալիք դառնալ խոսքի ազատության համար: Սահմանադրական խորհրդի որոշումից հետո նախագահ Նիկոլա Սարկոզին նախարարների կաբինետին հանձնարարել է նոր օրինագիծ նախապատրաստել, սակայն մարտի սկզբին խորհրդարանը, ընտրությունների հետ կապված, դադարեցրել է աշխատանքը: Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է շարունակել օրինագծի ընդունման ուղղությամբ աշխատանքները: