Եվրասիական տնտեսական միության համաձայնագրից բխող տրանսպորտային հարցերին պարզաբանումներ տալու, տրանսպորտային ոլորտում նախատեսվող իրավական փոփոխությունները քննարկելու, հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, տրանսպորտի վարչության պետի տեղակալ, բեռնափոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը, բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկաներին հանգամանորեն ներկայացրել է, թե որոնք են տրանսպորտի ոլորտում ԵՏՄ-ին միանալու առանձնահատկությունները։
Բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։
Կլոր սեղան-քննարկման մասնակիցներն արձանագրել են, որ համաձայնագրին միանալուց հետո գործունեության ընթացքում չեն առաջանա խնդիրներ և խոչընդոտներ, իսկ նախարարության տված պարզաբանումները լիարժեք են և բավարար։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելու ինչպես առաջին շրջանում, այնպես էլ հետագայում նախարարությունը պատրաստակամ է բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և օժանդակում։