Չնայած
այն հանգամանքին, որ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները կարելի է բնորոշել
որպես դրական, անհրաժեշտ է ավելի մեծ ջանք գործադրել դրանց հետագա զարգացման
համար: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մեյրոմը:
Պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, որ Իսրայելի
նախագահ Ռեուվենգ Ռիվլինը բազմիցս արտահայտվել է Հայոց ցեղասպանության ճանաչման
օգտին, արդյոք դա հնարավոր է մարդկության դեմ ոճրագործության 100-ամյա տարելիցի
նախաշեմին, դեսպանը նշել է. «Ռիվլինն այդ մասին հայտարարել է մինչև Իսրայելի
նախագահ ընտրվելը: Բացի այդ, Իսրայելում բոլոր որոշումները կայացնում է Քնեսետը:
Այդ հարցը քննարկվել է մեր խորհրդարանում: Իսրայելի ժողովուրդը սրտահույզ է
վերաբերվում այդ հարցին, սակայն, դժբախտաբար, այն վեր է ածվել քաղաքական
շահարկումների առարկայի: Մենք կարող ենք միայն ակնկալել, որ այդ ուղղությամբ
Երևանի և Անկարայի միջև երկխոսություն կսկսվի», - հայտարարել է նա:
Հիշեցնենք,
որ նախօրեին Երևանում նշել են Իսրայելի անկախության 66-րդ տարեդարձը: Իր ելույթում
Իսրայելի դեսպանը հաղորդել է Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու Թել
Ավիվի մտադրության մասին: