Մայիսի 7-ից հունիսի 3-ը Երևանում կընթանա «Ազգային
պատկերասրահ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ
զրույցում հաղորդել է փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը, փառատոնի շրջանակում նախատեսվում է անցկացնել 6 համերգ:
«Ազգային պատկերասրահը» կբացեն մեցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը (Շվեյցարիա) և Հայաստանի պետական կամերային նվագախմբը` դիրիժոր Հարություն Արզումանյանի
ղեկավարությամբ: Մայիսի 10–ին կկայանա «Հայ–ավստրիական երաժշտական խաչմերուկ» երաժշտության երեկո, որի ընթացքում ելույթ կունենան ջութակահարուհի Լաիդա Ալբերդին (Իսպանիա), ջութակահար Միխայլո Զախարովը (Ուկրաինա, Ավստրիա), ալտահար Գայանե Միրզոյանը (Հայաստան, Ավստրիա), թավջութակահար Ալեքսանդր Կարախանյանը (Հայաստան, Ավստրիա) և դաշնակահարուհի Կարինե Հովհաննիսյանը։ Մայիսի 16–ին հոգևոր երաժշտության համերգին ելույթ կունենա «Սաղմոսերգու» տղամարդկանց երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Վահե Բեղոյանի գլխավորությամբ։ Մայիսի 21–ին կանցկացվի վոկալ երաժշտության երեկո, որը նվիրված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Հակոբյանցի հիշատակին։ Համերգին կմասնակցեն Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Նունե Բադալյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան (բաս):
Մայիսի 27-ին «Հայ-հրեական երաժշտական հեռանկարներ» երեկոյի ընթացքում ելույթ կունենա դաշնակահար Հայկ Մելիքյան։ Համերգի հատուկ հյուրն է լինելու կոմպոզիտոր Վիլլի Վայները։ Հունիսի 3–ին փառատոնի հանդիսավոր փակումը կնշանավորի հայ–շվեյցարական երաժշտության համերգը, որի ընթացքում ելույթ կունենան ջութակահարներ Սյուզի
Երիցյանը և Շաղիկ Մարտիրոսյանը, ալտահար Արա Եսայանցը, թավջութակահարներ Հասմիկ
Վարդանյանը և Պի Չի Չիենը (Շվեյցարիա), դաշնակահարուհի Սոնա Շաբոյանը (Շվեյցարիա):
Երեկոյի հատուկ հյուրը կլինի շվեյցարացի կոմպոզիտոր Ֆաբիան Մյուլլերը:
«Ազգային
պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը կընթանա ՀՀ մշակույթի նախարարության
աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: