Օգոստոսի 20-ի դրությամբ, Վրաստանի Փոթի նավահանգստից դեպի Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան, թեև առկա է դրանց կրճատման իրական վտանգ, ինչը պայմանավորված է նավահանգստի հեղեղման հնարավորությամբ: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է ՀԿԵ մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:
Նրա ասելով, ընկերության մասնագետներն անցկացնում են Վրաստանի խոշորագույն ծովային նավահանգիստ Փոթիում ստեղծվող իրավիճակի ամենօրյա դիտարկում: Արդեն շարքից դուրս է եկել Ռիոն գետի վրայի հիդրոհանգույցը, որը քաղաքը պաշտպանում է ջրհեղեղներից և կատարում նաև կամրջի գործառույթ: Մասնագետները, որոնք ուսումնասիրել են հիդրոհանգույցի վիճակը, տագնապալի եզրակացություն են արել: Եթե իշխանություններն անհապաղ նորմալ վիճակի չբերեն այդ օբյեկտը, ապա Փոթիի մեծ մասին սպառնում է լիակատար հեղեղում, այդ թվում` նավահանգստին: Տեղի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ հիդրոհանգույցի շտապ վերանորոգման համար անհրաժեշտ է 18 մլն լարի, և արդեն աշխատանք է տարվում այդ գումարը ներգրավելու համար:
Միևնույն ժամանակլ Վ.Դվաթյանը հաղորդել է, որ առողջարանային քաղաքներ Ուռեկում և Քոբուլետում ջրհեղեղների արդյունքում Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ավելի վաղ տոմսեր էին ձեռք բերել այդ բնակավայրեր մեկնելու համար, իրենց հանգստի ուղղությունը սկսել են փոխել դեպի Բաթում: