Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարում ԵԿՄ վարչության նախագահ է վերընտրվել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։ Համագումարի պատվիրակներին ուղղված իր խոսքում Մանվել
Գրիգորյանը, մասնավորապես, նշել է, որ 25 տարի առաջ Հայաստանն ու Արցախը ձեռք
բերեցին անկախություն, իսկ արդեն այսօր երկու հայկական հանրապետություններն այնքան
ձեռքբերումներ ունեն, որ «սաղ աշխարը
ուզում ա, բայց տվող չկա»: «Կարևոր է ոչ
միայն ձեռք բերելը, այլ ձեռք բերածը պահելը և այն սերունդներին հանձնելը: Եթե մենք
ուզում ենք պատերազմից խուսափել, ապա պետք է ունենանք ավելի հզոր բանակ, քան`
հակառակորդը», - նշել է նա, ավելացնելով, որ հայոց բանակում ծառայելը պետք է պատվի
գործ դառնա յուրաքանչյուր պատանու համար, իսկ զինվորներն ու սպաները պետք է լինեն
հայ հասարակության շրջանում ամենահարգված մարդիկ:
Այնուհետև նա դիմել է նախագահին. «Հարգելի Սերժ
Ազատովիչ, մենք հավատում ու վստահում ենք Ձեզ, մենք համոզված ենք, որ Դուք ջանք
չեք խնայի Հայաստանի հզորացման և զարգացման համար»: Նրա ասելով, ոչ մի ծրագիր չի
կարող իրագործվել, եթե չկա միասնություն և հավատ: «Մենք պետք է միավորվենք,
որպեսզի հասնենք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի և
Արցախի հզորացման ու զարգացման», - եզրափակել է Գրիգորյանը:
Նշենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը 2008
թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո, որոնք հաջորդեցին նախագահական
ընտրություններին, որոնց արդյունքում պետության ղեկավար էր ընտրվել Սերժ
Սարգսյանը, հարել էր ընդդիմությանը, հանդես գալով երկրի ղեկավարությանն ուղղված
կոչերով` լսել հանրահավաքներ անող ժողովրդին և նրան վերադարձնել իշխանությունը:
Հետագայում Գրիգորյանը վերանայեց իր հայացքները և եկավ այն հետևության, որ Սերժ
Սարգսյանը օրինական ընտրված նախագահ է:
Համանման
իրավիճակ էր ստեղծվել նաև Ռոբետ Քոչարյանի նախագահության ժամանակ, երբ 1999
թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական
գործողությունից հետո Մանվել Գրիգորյանի գլխավորած ԵԿՄ, գործնականում, ոտքի ելավ
երկրորդ նախագահի դեմ: Սակայն Գրիգորյանին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
նշանակելուց հետո իրավիճակն արմատապես փոխվեց: