ՀՀ ԱԳՆ-ը հերքում է ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ Բելգիայի հատուկ ծառայությունները հետաքրքրվել են այդ երկրում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցով:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, այդ տեղեկատվությունը հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ հայկական որոշ լրատվամիջոցներ այսօր տեղեկատվություն են հրապարակել, ըստ որի`Բելգիայի հատուկ ծառայությունները հետաքրքրվել են ՙRolexs՚ ժամացույցներով և բարձր կարատանոց ադամանդյա քարերի խմբաքանակներով, որոնք կանոնավոր գնում և Հայաստան է ուղարկում Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը: Եվրոպայի շատ երկրներում գործող օրենքի համաձայն, դիվանագետները 300 եվրոն գերազանցող գնում կատարելիս հենց խանութում ետ են ստանում վճարված գումարի 21 տոկոսը։ Օգտվելով հնարավորությունից` հնարամիտ դեսպանը Բելգիայում այնպիսի մեծ քանակությամբ ժամացույցներ և թանկարժեք իրեր է գնել, որ գրավել է այդ երկրի հատուկ ծառայությունների ուշադրությունը, որոնք հարցում են ուղարկել Հայաստանի ԱԳՆ եւ ԱԱԾ, խնդրելով պարզել, թե ինչպես է հնարավոր պետական աշխատավարձով տարեկան մի քանի տասնյակ ՙRolexs՚ եւ 30-50 հազար եվրոյանոց ադամանդյա քարեր գնել եւ անարգել տանել Հայաստան։ Բանն այն է, որ նման խոշոր գնումների դեպքում 21 տոկոսը պատկառելի թիվ է կազմում, իսկ բելգիացիներն ամենեւին մտադիր չեն իրենց բյուջեի գումարները քամուն տալ։ Լրատվամիջոցները նշում են, եթե բելգիացիները հետեւողական լինեն եւ պահանջեն իրենց հարցապնդման պատասխանը, Ադոնցը բազմաթիվ տհաճություններ կարող է ունենալ իր հետագա դիվանագիտական գործունեության առումով. հնարավոր է` Իսպանիան, ուր մտադիր են նշանակել Ադոնցին, չհաստատի նրա «ագրեմանըե՝ խուսափելով գործ ունենալ մաքսանենգ դեսպանի հետ։-լ-