Հայաստանում իրականացվող բարեփոխումների համար հիմնական պատասխանատվություն է կրում Հանրապետական կուսակցությունը, և վերջինիս շահերից է բխում այդ բերափոխումների արդյունավետությունը, լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, ՀՀԿ տարածքային կառույցները`կենտրոնական գրասենյակից սկսած, պետք է ջանասիրությամբ աշխատեն, կապող օղակ հանդիսանան քաղաքացու և իշխանության միջև, ինչի մասին խոսել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության մայիսի 24-ի համագումարում:
ՙՆախագահը հստակ ժամկետներ է տվել մեզ բարեփոխումների համար, որպեսզի հասարակ քաղաքացիները շատ արագ իրենց վրա զգան այդ բարեփոխումների արդյունքները, որպեսզի նրանք իրենց խնդիրեները լուծված տեսնեն` Հանրապետական կուսակցության օգնությամբ: Մենք թևակոխում ենք քաղաքական նոր ժամանակաշրջան, երբ մեծանում է քաղաքական կուսակցությունների դերը: Եվ պետք է նշեմ, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՀԿ-ին: Ինչպես նշեց նախագահ Սարգսյանը, մենք ընթանում ենք դեպի երկրում երկբևեռ քաղաքական դաշտի կայացումը՚,- ասել է փոխխոսնակը:
Մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչների հայտարարությունները, թե Սարգսյանի ելույթն ուղղված էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ`Շարմազանովը, մասնավորապես, ասել է հետևյալը. ՙԵրկրի նախագահի ելույթը չէր կարող ուղղված լինել մի մարդու դեմ, ով 68 տարեկան հասակում թոշակի է ուղարկել իրեն՚: