Աֆրիկյանների տան ճակատագրով մտահոգ պատգամավորներն ու հասարակական գործիչները բաց նամակ են հղել ՀՀ
նախագահ Սերժ Սարգսյանին:
Մտահոգույթուն հայտնելով Աֆրիկյանների տան ճակատագրի,
ինչպես նաև Երևանի այլ մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացի
առնչությամբ, նախագահին կոչ են անում քայլեր ձեռնարկել Տերյանի 11 հասցեում գտնվող
Աֆրիկյանների տան վերականգնման ու պահպանման համար: Բացի այդ, առաջարկվում է
ուշադրության կենտրոնում պահել Երևանի պատմամշակութային հուշարձանները` թույլ
չտալով դրանք օգտագործել մասնավոր և այլ նպատակներով:
Նամակի ներքո ստորագրել է 65 մարդ, որոնց թվում են Անահիտ Բախշյանը (Երևանի ավագանու անդամ), Լարիսա Ալավերդյանը («Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն), Հրանուշ Խառաթյանը (ազգագրագետ), Աղասի Ենոքյանը (քաղաքագետ), Ավետիք Իշխանյանը (Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ), Նարինե Թուխիկյանը (Հ.Թումանյանի թանգարանի տնօրեն), Մարգարիտ Փիլիպոսյանը (ՀՕֆ Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն), Վահան Արծրունին (երաժիշտ), Դավիթ Թերզյանը (Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն), Մարկ Գրիգորյանը (լրագրող, Արմենիա TV), Հայկ Թամանյանը (Թամանյանի թանգարանի տնօրեն), Կարինե Դանիելյանը (էկոլոգ), Միքայել Արամյանը («Ընդդեմ իրավական կամայականության», տնօրեն) և այլոք:
Աֆրիկյանների շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին: Այն կառավարության 2004թ. որոշմամբ ընդգրկվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում` որպես հանրապետական նշանակության հուշարձան:
Կառավարության որոշմամբ` Աֆրիկյանների շենքը ապամոնտաժվել է՝ մեկ այլ վայրում վերակառուցվելու նպատակով: Շենքը ներառված է «Հին Երևան» նախագծում, որը պետք է իրականացվի Աբովյան, Բուզանդ, Կողբացի և Արամի փողոցներով սահմանափակվող թաղամասում: Սակայն մինչ այժմ վերականգնման աշխատանքները չեն սկսվել: -